Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պողոսյանը, հանդիսանալով մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ լինելով զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ՝ պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները, ինչի հետևանքով մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ են իրականացվել ժամը 11-ի սահմաններում՝ առաջացնելով ծանր հետևանք։ Հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել Չապլին Մարգարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մարմնական վիրավորում և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ էլ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և նշված մեղադրանքի մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին», - ասված է հաղորդագրությունում:

Ժամկետային զինծառայող Չ.Մարգարյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2017թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։