Մոտ մեկ տարի նախաքննություն կատարելով՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ-ին: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին ՀՔԾ-ից։
Ըստ ծառայության, նա մեղադրվում է «Սասնա ծռեր»-ի անդամին «խոշտանգելու» համար։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր «Սասնա ծռերի» գործով մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդայանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:
Ծեծի փաստով հարուցվել էր քրեական գործ։
ՀՔԾ-ն այսօր տեղեկացրեց, որ Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար։
«Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանի կողմից ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։
Նախաքննական մարմինը դեռևս չի մանրամասնում, թե Ա. Ղ-ի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել։