Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից։ Այդ մասին նա ասաց այսօր Ազգային ժողովի նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր Մինասյանից՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքը նույնպես հրաժարական տա՝ հաշվի առնելով, որ ընդդիմանում էր և դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, նաև չորս տարի առաջ այս հարցով Սահմանադրական դատարան դիմողների թվում էր։
«Հիմա դուք ինձ համոզում եք, որ ես հրաժարական տամ, չի լինելու այդպիսի բան, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Սահմանադրությամբ նախատեսված որոշումներ չեն լինի։ Պարտադիր կուտակայինի հարցը կառավարության օրակարգում է, և վարչապետի վերջին ամփոփումն այդ օրվա քննարկման հետևյալն էր՝ այո, մենք այս հարցը փակված չենք համարում, մենք պետք է ուսումնասիրենք, գնահատենք դրա սահմանադրականությունը, և քանի որ երկու որոշում է կայացվել Սահմանադրական դատարանի կողմից, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել և գնահատել՝ որքանո՞վ են կատարվել այդ որոշումները, երկրորդ՝ որքանո՞վ է այն համապատասխանում մեր երկրի և մեր քաղաքացիների շահերին, և արդյոք այն ենթակա՞ է փոփոխությունների, առհասարակ վերացման, թե՞ շարունակելու է գործել. դա առաջիկայի հարց է։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է մանրամասն և խորությամբ դիտարկել», - ասաց Մինասյանը։
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի հետաձգում օրենքի կիրարկումը, եթե այդքան խնդրահարույց է, կասկածներ կան, Մինասյանը պատասխանեց. - «Դրա համար էլ կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ընտրեց մի տարբերակ, որը որ այս պահին հնարավորինս մեղմացնում է քաղաքացիների եկամուտների բեռնվածությունը, բայց առհասարակ համակարգի վերանայման, համակարգի չեղարկման, կամ այն փոփոխությունների ենթարկելու հարցն օրակարգում է և ուսումնասիրության անհրաժեշտություն ունի»։
Հիշեցնենք՝ Կառավարությունը հունիսի 11-ի նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին:
Որոշումն ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում, որոշման հետևանքով իր հրաժարականի մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը: Կառավարության նիստի ժամանակ որոշմանը դեմ էր արտահայտվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը: