Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանի, կուտակային համակարգն անհրաժեշտություն է, և ժողովրդագրական խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև, պահանջում են, որպեսզի այդ համակարգը Հայաստանում ներդրվի։
Սակայն, Թանդիլյանի պնդմամբ, կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պետք է լինի մարդու կամահայտնության և ընտրության հիման վրա։
Թանդիլյան. - Պարտադիր բաղադրիչի դեմ եղել է պայքար, և ես համարել եմ, որ համակարգը պետք է լինի Հայաստանում և այն պետք է լինի մարդու կամահայտնության և ընտրության հիման վրա։ Այն պետք է լինի այնքան գրավիչ։ Այդ մեխանիզմները կան, որ քաղաքացիները ցանկություն ունենան միանալ համակարգին, ինչո՞ւ՝ որովհետև, այո՛, համակարգն անհրաժեշտ է, և ժողովրդագրական խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև, պահանջում են, որպեսզի կուտակային համակարգ Հայաստանում ներդրվի, բայց ներդրման մեխանիզմները, նրա բովանդակությունը, նրա գրավչությունը, նրա սոցիալական բեռը և բազմաթիվ իրավական այլ խնդիրներ, որ ուներ այս համակարգը, լուծված չեն, և սրա մասին է խոսքը եղել։ Ես ասել եմ այս մասին միշտ՝ պայքարի սկզբից մինչև հիմա, որևէ բան չի փոխվել։ Համակարգն ընթացքում փոփոխության է ենթարկվել, արդարության համար դա պետք է շեշտել։ Կա անհրաժեշտություն քննարկումների, և այդպես իմպերատիվ նորից պարտադրանքով՝ առանց հաշվի առնելու քաղաքացիների պատկերացումները, ներդնել այս համակարգը, որը պետք է լավ գործի միայն այն պարագայում, երբ որ ինքն ունի համախոհություն հասարակության հետ, չէր կարելի, և սա իմ մոտեցումն է։
«Ազատություն». - Ինչ հիմա ներկայացրեցիք, Դուք սա առաջարկել եք նաև մինչև կառավարությունում որոշման ընդունումը, ի՞նչ է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թանդիլյան. - Դա քննարկվել է, այսինքն՝ նաև իմ առաջարկն է քննարկվել հետաձգելու, կային մտահոգություններ, որոնց մասին պարոն Փաշինյանը հայտարարեց իր ելույթում։
«Ազատություն». - Նա ասաց, որ դրույքաչափերը փոխվել են՝ 2.5 տոկոս, ասաց՝ «վստահության խնդիր կա, այո՛, ես դեմ էի նախկինում, բայց հիմա իրավիճակ է փոխվել», սա Ձեզ չհամոզե՞ց։
Թանդիլյան. - Համոզելու խնդիր չկա, համոզել պետք է հանրությանը, համոզել պետք էր հասարակությանը, մարդկանց։ Ես իսկապես հաջողություն եմ մաղթում կառավարությանը, որովհետև դա էլ հեշտ որոշում չէր, և մարդիկ, ովքեր որ, 200 հազարից ավել, վճարում են, նրանք էլ օրինական պատկերացումներ ունեն, թե էդ դեպքում ինչո՞ւ են այսքան տարի վճարում․ սա ևս մտահոգություն է, որ պետք է փարատվեր։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ իմ տեսլականը չի համապատասխանում այս տոկոսային փոփոխության մատեցմանը։ Սա է պատճառը, և ես հաջողություն եմ մաղթում։
«Ազատություն». - Երեկ նաև քննադատվեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ կառավարության անդամները չպետք է դեմ քվեարկեն։ Դուք կարո՞ղ էիք այդպես աշխատել կառավարությունում։
Թանդիլյան. - Ես կուզենայի չմեկնաբանել այդ արտահայտությունը։ Իրականությունն այն է, որ ես միշտ ունեցել եմ տեսակետներ, որոնք արտահայտել եմ միշտ՝ անկախ հանգամանքից և անկախ միջավայրից, ես նաև Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եմ որպես պատգամավոր, որևէ նմանատիպ դիսկուրս չենք ունեցել, որ միաձայն կամ միակամ պետք է լինի, որովհետև այդ դեպքում ինձ մոտ հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ ենք մենք կառավարության նիստերում քվեարկում։
«Ազատություն». - Բացատրվեց այսպես․ - «Քաղաքական թիմ է, ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»։
Թանդիլյան. - Ես դրա համար շեշտեցի, թե ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես քվեարկություն անում կառավարության նիստում, այդ դեպքում քվեարկության կարիք չպետք է լինի ընդհանրապես որևէ հարցի շուրջ։ Ես կարծում եմ, որ տեսակետներ պետք է լինեն, նրանք պետք է լինեն տարբերվող իրարից, պլյուրալիզմը և բազմակարծությունը ոչ ոք չի չեղարկել, ես հույս ունեմ։
Հունիսի 11-ին կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին:
Որոշումից մեկ օր անց Թանդիլյանը հրաժարական տվեց։
Երեկ «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ:
«Ֆեյսբուքյան ասուլիս»-ը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․