Ֆարերյան կղզիները մտադիր են զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ

Ֆարերյան կղզիներ, արխիվ

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, Նորվեգիայի և Իսլանդիայի միջև ընկած, ընդամենը 50 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիները Ռուսաստանի ձկան ամենամեծ արտահանողն է և մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Ֆարերյան կղզիների ձկնարդյունաբերության՝ դեպի Ռուսաստան արտահանումների մեծ թափով աճի պատճառը պատժամիջոցներն են: Նախ՝ 2013 թվականին ձկան որսի քվոտաների շուրջ վեճի արդյունքում Եվրամիությունը սահմանափակումներ էր մտցրել Ֆարերյան կղզիների հանդեպ, և այդտեղից դեպի Եվրամիության երկրներ արտահանումը խիստ կրճատվել էր: 2014-ից, Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետևանքով Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, և սահմանափակվել են հիմնական մատակարարողից՝ Նորվեգիայից ձկան արտահանումները Ռուսաստան: Այդ ամենի արդյունքում, անցյալ տարվա տվյալներով, Ֆարերյան կղզիները դարձել են Ռուսաստան ձկան թիվ մեկ մատակարարողը: Արդյունքում, հյուսիսային այդ քամոտ, ժայռոտ կղզիների տնտեսությունը զգալիորեն բարելավվել է՝ 2016-ին ցույց տալով 7 տոկոս տնտեսական աճ:

Ֆարերյան կղզիներից ձկան արտահանումը Ռուսաստան տարեկան 380 միլիոն դոլար է կազմում, որը նրանք մտադիր են գալիք տարիներին պահպանել և ավելի զարգացնել:

Ֆարերյան կղզիների առևտրի և արտաքին գործերի նախարար Փոլ Միխելսոնը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե պատրաստվում են 2019 թվականին ազատ առևտրի պայմանագիր կնքել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Գալիք օգոստոսին նախատեսվում է մտադրությունների մասին հուշագիր ստորագրել և ազատ առևտրի բանակցությունների սկսել Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի հետ, նշել է նա:

Ֆարերյան կղզիների արշիպելագը Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն նրանք ինքնավարության կարգավիճակ ունեն և հրաժարվել էին միանալ Եվրամիությանը: Մինչ ձկնորսության քվոտաների շուրջ վեճը այդ կղզիներից ձկան արտահանումների 80 տոկոսը գնում էր Եվրամիության երկրներ: Հիմա այն գրեթե կրկնակի կրճատվել է՝ 43 տոկոսն է առաքվում Եվրամիություն, իսկ 29 տոկոսը՝ Ռուսաստան:

«Մենք հիմա բոլոր հավկիթները մի զամբյուղում չդնելու քաղաքականություն ենք վարում և արտահանում կատարելով մի շարք երկրներ՝ դարձել ենք նվազ խոցելի», - Reuters-ին ասել է Փոլ Միխելսոնը: