Հայաստանի վարչապետը մեկնում է Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ․

Այսօր օրվա երկրորդ կեսին Մոսկվա է ժամանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:

Հինգշաբթի առավոտյան նախատեսված են Հայաստանի վարչապետի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նույն օրը կեսօրին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը, այստեղ էլ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հունիսի 14-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի բացմանը ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետը:

Ի դեպ, առաջնության բացման արարողությանը ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Փաշինյան - Ալիև հանդիպում նախատեսված չէ: Սա, ամեն դեպքում, առաջին անգամն է, երբ Փաշինյանն ու Ալիևը մասնակցելու են նույն միջոցառմանը:

Մոսկվայում շատ հյուրերի են սպասում այսօր և առաջիկա օրերին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանելու են տարբեր երկրների ղեկավարներ՝ առաջնության բացման արարողությանը կամ իրենց հավաքականների խաղերին ներկա լինելու համար:

Սակայն ռուսական մամուլը ամենից շատ թերևս գրել է Նիկոլ Փաշինյանի սպասվող այցի մասին: Ռուսաստանյան գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները անդրադարձել են Փաշինյանի և Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպմանը: Ռուսական մամուլը մեջբերում է Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր նոր փուլ է սկսվել, և որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում համագործակցությամբ: Ռուսական մամուլը մեջբերում է նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության կարևորության մասին Փաշինյանի հայտարարությունը:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան և երկրորդ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց, Փաշինյանը այցելել էր Սոչի, որտեղ մասնակցել էր ԵԱՏՄ գագաթնաժողովին և դրա շրջանակում առանձին հանդիպում էր ունեցել Պուտինի հետ:

Հիշեցնենք նաև, որ առաջինը արտասահմանյան առաջնորդներից Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ շնորհավորել էր Ռուսաստանի նախագահը: