«Դեմ եմ»-ը բողոքի ակցիաներ է կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ

«Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիա, արխիվ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամների համոզմամբ՝ հանրության ճնշող մեծամասնության համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ անընդունելի է: Համակարգի նկատմամբ վստահություն չկա, որովհետև մարդկանց հարկադրում են հրաժարվել իրենց եկամտի մի մասից, ասում են ակտիվիստները:

2014-2015 թվականներին «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով, այսօրվա կառավարությունն, անշուշտ, վայելում է հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, սակայն իշխանությունների առաջարկած համակարգը, նրա խոսքով՝ ըստ էության նույնն է մնացել: «Շարունակում եմ լինել դեմ, որովհետև այս համակարգը չի վայելում իմ վստահությունը: Ի վերջո՝ կառավարություններն անընդհատ փոխվելու են, իսկ համակարգն այս տեսքով չի վայելում իմ և հանրության ճնշող մեծամասնության վստահությունը»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Կառավարությունը երեկվա նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ 1974 թ․ հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիներն այս տարվա հուլիսի 1-ից պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ընդհանուր առմամբ, եկամուտների 10 տոկոսը պետք է ուղղվի այդ համակարգին: Գործող կարգի համաձայն, հիշեցնենք, այդ թիվը 5 տոկոս է, մյուս 5 տոկոսը վճարելու է պետությունը: Կառավարության երեկվա որոշման համաձայն, պետությունն իր վրա է վերցնելու 7,5 տոկոսի բեռը, իսկ 2,5 տոկոսը վճարելու է քաղաքացին: Ըստ Դավիթ Մանուկյանի, հստակ չէ հարցի պատասխանը, թե 45 տարվա երկարաժամկետ հատվածում «ոնց է որոշվելու գումարների համարժեքությունը»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանի ներկայացմամբ, իրենք մտադիր չեն լռել և բողոքի ակցիաներ են կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ: «Ոչ մի առանցքային բան չի փոխվել, նույն պարտադիր բաղադրիչը կա, նույն հարցերը կան՝ ու՞ր են գնում ներդրումները, ինչի՞ են գնում»,- ասում է Հարությունյանը: Նրա ընդգծմամբ՝ «Դեմ եմ»-ը պահանջում է հետաձգել օրենքի ընդունումը և սկսել հանրային քննարկումներ:

Երեկ՝ կառավարության նիստում հարցի բավականաչափ բուռն քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկվող լուծումը թույլ կտա խուսափել ճգնաժամից, որվհետև եթե որոշում չընդունվի՝ կենսաթոշակային համակարգում արդեն իսկ ընդգրկված 207 հազար քաղաքացիներ կշարունակեն ամսական վճարել 5 տոկոս: Իսկ եթե հետաձգեն որոշման կատարումը, կենսաթոշակային համակարգում ներգրավված քաղաքացիները կշարունակեն վճարել, իսկ մնացած 80 հազարը՝ ոչ, ուստի՝ անհավասարություն կառաջանա: Իսկ եթե ընդհանրապես հրաժարվեն, ապա ողջ համակարգում ցնցումներ կսկսվեն, ասաց Փաշինյանը:

Վարչապետը, փաստորեն, ասաց, որ որոշ ժամանակ անց քաղաքացին դարձյալ կենսաթոշակային համակարգին կվճարի իր եկամտի 5 տոկոսը՝ 2,5 տոկոսի փոխարեն: Սակայն դա կլինի եկամտահարակի նվազեցումից հետո, որպեսզի քաղաքացին ֆինանսական լրացուցիչ բեռի տակ չհայտնվի: