Խորհրդարանը քննարկեց ՍԴ անդամի թեկնածությունը, քվեարկությունը տեղի կունենա վաղը

ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյան, 12-ը հունիսի, 2018 թ․

ԱԺ քառօրյան այսօր մեկնարկեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Թեկնածուն մեկն էր՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորին ուղղված՝ պատգամավորների հարցերը վերաբերում էին աղմկահարույց մի շարք քրեական գործերի, նաև իշխանության կողմից գործադրված ճնշումներին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, վճռաբեկ դատարանում նախկինում քննված գործերը հիշատակեց՝ կապված «մարտի 1»-ի, «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանի, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, Շանթ Հարությունյանի հետ։ «Ես չեմ կարող քվեարկել ձեր օգտին, եթե չգիտեմ՝ դուք ունե՞ք այդ կարևոր, հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ ձեր տեսակետը»,- ասաց Զոհրաբյանը, ինչին թեկնածուն արձագանքեց․ «Ունեմ իմ դիրքորոշումը և բնականաբար իմ դիրքրոշումն արտահայտված է վճռաբեկ դատարանի որոշումներում, ուստի դրանք այստեղ քննարկելը էթիկական տեսակետից դատավորին հարիր չէ»:

Ավելի քան 27 տարի դատական համակարգում աշխատած Ելիզավետա Դանիելյանից «Ծառուկյան» Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց՝ որոշումներ կայացնելիս իր նկատմամբ վերևներից ճնշումներ չե՞ն եղել, «որովհետև հայտնի է, որ մեր դատական համակարգում այդ պրակտիկան կա»: Դանիելյանը պատասխանեց, թե իր պարկտիկայում նման բան չի եղել:

Ելիզավետա Դանիելյանն, այդուհանդերձ, չթաքցրեց՝ հեղափոխությունից հետո դատական համակարգում մթնոլորտ է փոխվել։ «Հիմա ոնց որ թե հանդարտվել են կրքերը, պրոցեսները մտել են բնականոն ընթացքի մեջ, և շատ ուրախալի է, որ խափանման միջոցները փոփոխվում են, մարդիկ հայտնվում են ազատության մեջ»,- ասաց ՍԴ անդամի թեկնածուն:

Հարցի քննարկումն ավարվեց, քվեարկությունը տեղի կունենա վաղը։ Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների երեք հինգերորդի, այսինքն 63 պատգամավորի կողմ քվե։ Ընտրությունը կկայանա փակ գաղտնի ընթացակարգով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իրենց հուզող հարցերը մնացին անպատասխան, այդ պատճառով դեմ է քվեարկելու․ «Քննարկումով բավարարված չեմ»:

Առայժմ հստակ չէ «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումը։ Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար դատավարի թեկնածու հաջորդաբար առաջադրում է ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը։

Սահմանադրական դատարանում այս պահին դատավորի մեկ թափուր տեղ կա։ Անցյալ ամիս խորհրդարանը ՍԴ դատավոր չընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուին: Հասարակության որոշ ներկայացուցիչներ ու մի շարք հայտնի փաստաբաններ հայտարարեցին, թե դատավորների ընհանուր ժողովը խախտում է կարգը՝ նախագահի փոխարեն թեկնածու առաջադրելով:

Ելիզավետա Դանիելյանն իր խոսքում ևս մեկ անգամ շեշտեց՝ նախագահը չի կորցրել թեկնածու ներկայացնելու իրավունքը, ինքն առաջադրվում է մեկ այլ թափուր տեղի համար՝ հունիսի 16-ին լրանալու է դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի 65-ամյակը, և նրա լիազորությունները դադարելու են։