ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմին ներկայացրեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

Վարչապետը նախ մի քանի դիտարկում կատարեց ՀՔԾ գործունեության հետ կապված, ապա հույս հայտնեց, որ ծառայությունը կիրականացնի իր առջև դրված բոլոր գործառույթները։

«Ուզում եմ մի քանի դիտարկում անել ՀՔԾ գործունեության հետ կապված. օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և հաջորդ ամենակարևոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են։ Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես ուզում եմ որպես Հայաստանի ժողովրդի վստահությամբ Հայաստանի վարչապետ դարձած մարդ հայտարարել հետևյալն՝ այն, ինչ-որ մենք հայտարարում են հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում։ Ինչ նկատի ունեմ՝ երբ որ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը և ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը»։

Փաշինյանը նաև ընդգծեց՝ ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի։

«ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը, և այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից», - ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Կառավարության որոշմամբ Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։

Երեկ կառավարության որոշմամբ Հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը։

Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է: