«Այլևս չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու համար». փոխարտգործնախարար

Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ մինչև հեղափոխությունն այլ երկրներում Հայաստանի դեսպանների նշանակումները հաճախ ոչ այնքան տրամաբանական են եղել։

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Ռուբինյանը նշեց՝ այլևս չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու, կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։

«Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե այն է, որ նշվածները չեն տարածվում գլխավոր քարտուղարի և դեսպանների վրա, խնդիրն այն է, թե ինչպես են ընդհանրապես մինչ այս նշանակումները կատարվել։ Ես կարծում եմ, որ մինչ այս նշանակումները, մասնավորապես՝ դեսպանների, հաճախ ոչ այնքան տրամաբանական են եղել։ Ես կարծում եմ, որ այլևս չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու, կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։ Ես կարծում եմ, որ այսուհետ դեսպանների նշանակումները պետք է լինեն չափազանց տրամաբանված», - ասաց Ռուբինյանը։

Նշենք, որ օգտատերերից մեկը Ռուբինյանից մասնավորապես հետաքրքրվել էր․ - «Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմինների կամ հիմնարկի ղեկավարներն օրենքով համարվում են դիվանագիտական ծառայողներ, բայց նրանց վրա չեն տարածվում օրենքով նախատեսված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման ու ազատման հետ կապված նորմերը։ Ի՞նչ եք կարծում՝ սա բացասական չի՞ անդրադառնում Հայաստանի դիվանագիտական ծառայության կազմակերպական և ընդհանրապես երկրի արտաքին քաղաքականության իրականացման վրա»։

Օգտատերերից մեկն էլ, հիշեցնելով ռուսաստանյան քրեական աշխարհի հետ իր կապերով հայտնի «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանի դեպքը, նշել է. - «Երևի թե բոլորն արդեն մոռացել են այս հայտնի դեպքի մասին, բայց ես հիշում եմ ու պահանջում, որ աջ ու ձախ բաժանված դիվանագիտական անձնագրերը վերանայվեն»։

Փոխարտգործնախարարն արձագանքեց՝ նշելով. - «Աջ ու ձախ բաժանված դիվանագիտական անձնագրերի հարցը լուծվելու է շատ մոտ ժամանակներում, բոլոր այն մարդիկ, ովքեր տրամաբանորեն չպետք է ունենան դիվանագիտական անձնագրեր, այդ դիվանագիտական անձնագրերը չեն ունենա»։

Հիշեցնենք՝ Չեխիայում ձերբակալվել էին քրեական հեղինակություններ, նրանց մեջ էր նաև գործարար Թաթուլյանը, նրա փաստաթղթերը ստուգել էին, խախտումներ չէին հայտնաբերվել, նրան ազատ էին արձակել։ Չեխիայի ոստիկանությունը նշել էր, որ նա նաև դիվանագիտական անձնագիր ունի, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել էր։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին՝ «Արդյո՞ք Ձեր վերաբերմունքը կազդի Ռուսաստանի վարած քաղաքականության վրա, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում՝ դրական, կամ բացասական առումով։ Ըստ ձեզ՝ թե՛ երկկողմ ֆորմատում, թե՛ ԵԱՏՄ շրջանակներում ի՞նչն է վատ արվել կամ չի արվել, ի՞նչը Դուք կփոխեիք մոտ ապագայում։ Որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները», Ռուբինյանը պատասխանեց. - «Այն օրը, երբ կոնկրետ հոգու անձնական վերաբերմունքը որևէ պետության քաղաքականությանը կարողանա ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, դա շատ վատ օր կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մենք հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում և հեղափոխությունից հետո նշել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներում փոփոխություններ չեն լինի։ Մենք շարունակելու ենք լինել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, շարունակելու ենք սերտ հարաբերություններ պահել Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ ֆորմատներում, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ, սակայն դա ամենևին չի նշանակում և չպետք է նշանակի, որ այդ հարաբերություններում չեն կարող լինել հարցեր և խնդիրներ, և որ դրանք չեն կարող բարձրաձայնվել և լուծվել բարեկամական և դաշնակցային մթնոլորտում»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.