«Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխությունների առաջարկը բանավեճի առիթ դարձավ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին:

Գործող կարգի համաձայն, հիշեցնենք, այդ թիվը 5 տոկոս է:

Ընդհանուր առմամբ եկամուտների 10 տոկոսը պետք է գնա այդ համակարգ, որից պետությունն իր վրա է վերցնում 7,5 տոկոսը, իսկ 2,5 տոկոսը վճարելու են քաղաքացիները:

Կառավարության արտահերթ նիստը բավականին բուռն ընթացք ստացավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդունել այս փոփոխությունները, բայց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասաց, որ մնացել են հարցեր, որոնց պատասխաններն ինքը չունի: Բանավեճ ծավալվեց:

Մինասյանն ասաց․ - «Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ: Սա այն հարցն է, որ, ինչպես պարոն վարչապետը ներկայացրեց, ամենադժվար կայացվող որոշումներից մեկն է: Պարոն վարչապետ, Ձեր բացատրությունները ամբողջությամբ ներկա պայմաններում ընկալելի են: Բայց համոզմունքը, որ այս համակարգը լավն է, արդյունավետ է, անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մոտ ձևավորվի: Եվ 200 հազարից ավելի մասնակիցների մասին երբ մենք խոսում ենք, կարևոր է, որ այդ մասնակիցները նաև իրենք գնահատեն այս համակարգի առավելությունը, որպեսզի 80 հազարի մոտ էլ մտավախություն չառաջանա: Ես, որպես մարդ, որը Սահմանադրական դատարանում կարողացել ենք ապացուցել համակարգի մի շարք բացերը, նաև՝ որ պետք է համակարգը վերափոխվեր, այս պահին դժվարությամբ եմ կարողանում գնահատել՝ արդյոք Սահմանադրական դատարանի որոշումները կատարվե՞լ են, թե՞ ոչ, արդյոք այն ռիսկերը, որոնք մենք տեսնում էինք, վերացվե՞լ են, թե՞ ոչ: Որովհետև, ընդունելով հանդերձ, որ պարտադրված հիմա որոշում է կայացվում, այնուամենայնիվ չափազանց կարևոր է նաև սահմանադրականության այս նորմը պահելը: Եվ ելնելով նաև այն հանգամանքից, որ երբեք չի եղել դեպք, որ ես, իբրև Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկեմ պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին»:

Վարչապետի հարցին, թե որն է իր տեսակետը, Մինասյանը պատասխանեց․ - «Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որը կա, բայց՝ հասկանալով հանդերձ, որ էսօրվա լուծումը պարտադրված լուծում է»:

Փաշինյանի հաջորդ հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ Կառավարության նիստին ներկա են մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ դա պարտադրված լուծում է, Մինասյանն արձագանքեց․ - «Ոչ: Խոսքը հետևյալի մասին է․ հետաձգումը և հնարավորությունը քննարկելու, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող է բերել: Չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը: Ամենևին չեմ ուզում քննադատել էս որոշումը, որ կայացվում է»:

«Պարոն Մինասյան, - ասաց վարչապետը, - մենք պետք է հասկանանք, որ գործում ենք թիմային պատասխանատվության շրջանակներում: Մենք այստեղ Կառավարության նիստում ենք, մենք խորհրդարանական ընդդիմություն չենք: Այդ հարցերը, որ Դուք բարձրացնում եք, բոլոր այդ հարցերը մենք հնարավորություն ունենք․․․ մեր լծակների, լիազորությունների տիրույթում է: Եթե Դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեք, այդ հարցերի պատասխանը գտնելը նաև Ձեր աշխատանքային պարտականությունն է, մեր բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եվ ուրեմն, եկեք շատ հստակ հասկանանք․ հիմա մենք կա՛մ էս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կա՛մ չենք վերցնում: Ինձ համար թեման շատ հստակ է․ այս որոշումը մենք կա՛մ թիմով ընդունում ենք, իսկ մենք պետք է գնանք այդ լուծմանը, մանավանդ Դուք ես ասում, որ պարտավորված և պարտադրված լուծում է, կա՛մ էլ, կներեք, ես, որպես վարչապետ, համաձայն չեմ, կներեք․․․ անուղիղ գործողություններին: Հիմա ես, որպես վարչապետ, և Կառավարությունը, որպես Կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում է, և մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է մենք լուծենք՝ առաջ գնալով: Ոչ թե հետ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»:

Արծվիկ Մինասյանի արձագանքը․ - «Նախ ասեմ, որ որպես կոլեգիալ մարմին, կայացված որոշումը ենթակա է կատարման, և ես կատարելու եմ․․․»

«Այլ կերպ չէր էլ կարող լինել: Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք անում», - ընդհատելով Մինասյանին՝ ասաց վարչապետը: