«Ավրորա» մարդասիրական երրորդ մրցանակաբաշխությունը երեկ երեկոյան ամփոփվեց Օպերայի և բալետի թատրոնում՝ ի պատիվ այս տարվա դափնեկիր, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավապաշտպան Չո Լա Աունի:
Միջոցառման մեկնարկին հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով ներկաներին ողջունեց նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում, երբ համայն հայության և հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք», - փաստեց երկրի նախագահը:
Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների շնորհվող «Ավրորայի» այս տարվա դափնեկրի անունը հայտարարվել էր հունիսի 10-ի լուսաբացին՝ Խոր Վիրապում, Արարատ լեռան դիմաց:
Մյանմայում քաղաքացիությունից զրկված և իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվող ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարելու պատճառով ավելի քան 10 տարի բանտարկության մեջ անցկացրած Չո Լա Աունը հույս հայտնեց, որ «Ավրորայի» դափնեկիր դառնալը կնպաստի իր ժողովրդի խնդրի լուծմանը:
«Մենք ունենք ձեր հայկական օգնության կարիքը Մյանմայում մեր՝ ռոհինջաների խնդիրը լուծելու համար: Պետք է ճնշում գործադրվի մեր քաղաքացիության իրավունքը վերականգնելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար», - նշեց նա:
Երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառմանը նախագահից բացի ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
«Ավրորայի» համահիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն «Ազատությանն» ասաց, որ անկախ քաղաքական փոփոխություններից՝ իրենք հրավիրել են, ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին:
«Մենք բոլորին ենք հրավիրել՝ երեք նախկին նախագահներին, և մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ցույց տալ աշխարհին՝ չնայած կարող է տարբեր կարծիքներ ունենան մարդիկ, բայց իրենք եղել են մեր Հայաստանի նախագահը և իրենք իրավունք ունեն և պետք է չմոռանան իրենց մասին: Դրա համար մենք հրավիրել ենք բոլորին և ուրախ ենք, որ մի մասը մեր հրավերը ընդունել է», - պարզաբանեց Վարդանյանը:
Այս տարվա «Ավրորայի» դափնեկիրն ընտրվել էր 115 երկրից առաջադրված 750 թեկնածուներից: Նրան տրամադրված 1 միլիոն դոլար մրցանակն ուղղվելու է մարդասիրությամբ զբաղվող երեք կազմակերպությունների:
«Ավրորան» տարեցտարի ավելի կարևոր ու համաշխարհային է դառնում, ընդգծում է մարդասիրական մրցանակի համահիմնադիրը․ - «Մենք զգում ենք, որ սա դառնում է համաշխարհային մի շարժում, որը շատ կարևոր է: Եվ ես ուրախ եմ, որ մենք ամեն տարի ինչ-որ բան փոխելով, լավացնելով, ինչ-որ բան սովորելով՝ ուժեղացնում ենք այս ամեն ինչը»:
Միջոցառման ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, օտարերկրյա հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև տեսակապով միացած հայտնի դերասան Ջորջ Քլունին պատվեցին «Ավրորայի» համահիմնադիրներից Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի աշխատանքը:
2018-ի «Ավրորան» առանձնացավ դասական երաժշտության նշանավոր արտիստների կատարումներով: Հյուրերի մեծ հիացմունքին արժանացան հատկապես հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթները: