«Երևանյան հեռանկարներ» 19-րդ փառատոնը կբացի Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

Նվագախումբն այս երեկո հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ աշխարհահռչակ էստոնացի դիրիժոր, Գրեմմի և ամենատարբեր մրցանակների դափնեկիր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Ծրագրում Արամ Խաչատրյանի և էստոնացի անվանի կոմպոզիտորներ Արթուր Լեմբայի և Էդվարդ Տուբինի ստեղծագործություններն են:

Նվագախումբը Երևան է ժամանել Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարիի գլխավորած պատվիրակության կազմում, որում ընդգրկված են նաև արվեստագետներ, լրագրողներ:

Նշենք, որ այսօրվա համերգով մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում մոտ երկու տասնամյակ հայ երաժշտասերները հնարավորություն են ունեցել ունկնդրել համաշխարհային մեծության մենակատարների և նվագախմբերի կատարումները:

Լրագրողների հետ հանդիպմանը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց․ - «Փառատոնը բացում է մեր ժամանակների ամենամեծանուն երաժիշտներից մեկը՝ Նեեմի Յարվին: Չկա մի աշխարհի մեծագույն նվագախումբ, որը նա չի ղեկավարել, շատ անգամ եղել է այդ նվագախմբերի գլխավոր դիրիժորը: Ամերիկյան լավագույն նվագախմբերի ղեկավարն է եղել տասնյակ տարիներ: Եվ ինքը աշխարհում, ոչ միայն ինքը, այլև իր ընտանիքը մեծագույն նվեր են երաժշտական աշխարհին՝ իր երկու որդիներով: Պավո Յարվին և Քրիստիան Յարվին աշխարհի մեծանուն դիրիժորներ են»:

Նեեմե Յարվիի խոսքով, իր համար Հայաստանը մշտապես թանկ է եղել դեռ երիտասարդ տարիներից՝ Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայում ուսանելու տարիներից, երբ մոտիկից շփվել է Արամ Խաչատրյանի և հայ այլ անվանի երաժիշտների հետ:

Այսօր նա վերհիշում էր այստեղ հայ երաժիշտների հետ հատկապես Սևանում անցկացրած հանգստյան օրերը, որոնք լի էին «լավ ընկերությամբ, կոնյակով և սև խավիարով»:

«Միակ երաժշտությունը դասական երաժշտությունն է, մնացյալը դասական երաժշտության տարբեր գործիքավորումներ են: Բազմաթիվ հրաշալի խմբեր և երգիչներ են ստեղծագործել և ստեղծագործում են: Համոզված եմ, որ նրանց երաժշտությունը գալիս է դասականից», - ասաց Նեեմի Յարվին:

Ի դեպ, էստոնացի աշխարհահռչակ դիրիժորի կարծիքով, ջազային երաժշտությունն իսկական դասական երաժշտություն է:

Հավելենք նաև, որ այս երեկո Էստոնիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ընթացքում որպես մենակատար հանդես կգա էստոնացի անվանի դաշնակահար Միհկել Պոլլը:

Այսօր Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ մի շատ ուշագրավ իրադարձություն՝ հայ հանրությանը ներկայացվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի էստոներեն թարգմանությունը: Թարգմանության շնորհանդեսին ներկա էին Հայաստանի և Էստոնիայի մշակույթի նախարարները, թարգմանության հեղինակը՝ անվանի թարգմանիչ Պեետեր Վոլկոնսկին:

Ի դեպ, ինչպես այսօր պատմում էին էստոնացի դիրիժոր Նեեմե Յարվին և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, իրենք արդեն իսկ Էստոնիայի հանրային հեռուստաընկերության համար երեկ մի ողջ հաղորդման ընթացքում պոեմից հատվածներ են արտասանել էստոներեն և հայերեն: