Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից։
«Սկսենք Երևանից և անցնենք մարզերին», - ասել է նախարարը։
Ռոստոմյանը հանձնարարել է նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին անդրդարձել է նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին և նշել, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետներն իրականացնում են օպերատիվ հերթապահություն:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշել է, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձևավորվել են շրջիկ խմբեր, ովքեր հանդիպում են բնակիչների հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալլ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալլ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալլ, Երևանում՝ 3 բալլ: Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում։