Տևական ընդմիջումից հետո «Նորմանդական քառյակը» կշարունակի ուկրաինական խնդրով բանակցությունները

Նորմանդական քառյակի գագաթնաժողով Փարիզում, 2-ը հոկտեմբերի, 2015 թ․

Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտության կարգավորման հարցով այսօր Բեռլինում կվերսկսվեն նորմանդական քառյակի ԱԳ նախարարների բանակցությունները: Քառյակում, հիշեցնենք, ընգրկված են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան: Վերջին անգամ այս ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել շուրջ 16 ամիս առաջ:

Այս տևական ընդմիջումը պայմանավորված էր մի կողմից Գերմանիայում, Ֆրասնսիայում և Ռուսաստանում տեղի ունեցած ընտրություններով, մյուս կողմից՝ ռուսական և ուկրաինական կողմերի միջև ձևավորված անվստահության մթնոլորտով: Այս համատեքստում նշենք նաև, որ արդեն երկար ժամանակ է՝ չեն կատարվում, այսպես կոչված, Մինսկի համաձայնությունները, ինչի համար Կիևն ու Մոսկվան փոխադարձաբար միմյանց են մեղադրում:

Վերջերս Ռուսաստան կատարած այցերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը որոշել են վերադառնալ նորմանդյան ձևաչափին: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն ինքնին հաջողություն է համարել քառյակի հանդիպման բուն փաստը, միևնույն ժամանակ հավելելով՝ ակնկալում է բարդ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Գերմանացի դիվանագետը խոստովանել է, որ նորմանդյան ձևաչափով բանակցությունների վերսկսումը շատ բարդ է լինելու, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց տարբերվում են: Գերմանիան և Ֆրանսիան բանակցային այս քառյակում համարվում են միջնորդներ: Հեյկո Մաասն այսօր նախատեսում է քննարկել հակամարտության գոտում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացման հնարավորությունը: Բանակցությունների օրակարգում են նաև հակամարտության գոտուց մշտական հրադադարի ռեժիմի հաստատման և ծանր սպառազինության դուրսբերման հարցերը :

Նշենք, որ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև: Կրեմլի հաղորդմամբ՝ Պետրո Պորոշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռուս և ուկրաինացի բանտարկյալների փոխանակման հարցը: Ռուսաստանյան բանտում արդեն 28 օրից ավելի է հացադուլ է անում ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը: Ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Սենցովին իրավապաշտպանները քաղբանտարկյալ են համարում:

Ուկրաինայի արևելքում ծավալված հակամարտության ընթացքում մինչ այսօր զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: