Թբիլիսիում ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով անաչառ քննություն իրականացնել անցած տարեվերջին տեղի ունեցած երկու անչափահասների սպանության գործով և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ցույցին ներկա են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք պնդում են, թե արդարության հնարավոր է հասնել միայն իշխանափոխության դեպքում:
Ավելի վաղ քննության շրջանակներում ձերբակալվել էին ներքին գործերի նախարարության երկու աշխատակիցներ, այդ թվում՝ Վրաստանի նախկին դատախազը:
Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, սակայն, հայտարարել է, թե կառավարության այդ քայլերը բավարար չեն և չեն վերականգնում արդարությունը:
«Ես իշխանություններից պահանջում էի ազատազրկել ոչ միայն սպանության մեղավորներին, այլև գործը կոծկող դատախազներին ու նրանց հովանավորներին», ֊ հայտարարել է նա:
Երկու դեռահասների դաժան սպանության գործի շուրջ բողոքի ալիք բարձրացավ շաբաթներ առաջ, երբ դատարանը սպանության համար որևէ մեկին այդպես էլ մեղավոր չճանաչեց: