Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան. ՀՀ արտգործնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ այսօր ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ժամանել է Ալմաթի՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին:

Արտգործնախարարը վարչապետի մոսկովյան այցի օրակարգը չի մանրամասնել, սակայն Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ավելի ուշ հաղորդել է, որ վարչապետը Մոսկվա է մեկնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու:

Կառավարության խոսնակը միաժամանակ խոստացել է ավելի ուշ նոր մանրամասներ հրապարակել Մոսկվայում նախատեսված հանդիպումների վերաբերյալ:

Սա Հայաստանի նորընտիր վարչապետի երկրորդ այցն է Ռուսաստան։ Ավելի վաղ՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց, նա մեկնել էր Սոչի՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովին, ուր առանձնազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: