Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 18 տարվա գյուղապետ Վահան Ուռուսյանից հաշվետվություն ու հրաժարական պահանջողներն այսօր ավելի մեծ թվով էին հավաքվել գյուղամիջում։
Վերջին օրերին, հիշեցնենք, ջրաշենցիները բողոքի են դուրս եկել, թե գյուղապետը ապօրինություններ է թույլ տալիս, չի լուծում գյուղի խնդիրներն ու հաշվետու չէ 1988-ի երկրաշարժից հիմնովին ավերված գյուղի բնակչությանը։
«Էս տարի լրանում ա 30 տարին երկրաշարժի՝ 30 օր մեր հուշարձանների վրա բարձրացած կա՞՝ չկա, 30 օր լուս վառած կա՞ մեր հուշարձանում՝ չկա», - այսօր ասում էր գյուղի բնակիչներից մեկը:
«Էս 18 տարվա մեջ մի օր ժողով արե՞լ ա, որ՝ «ժողովուրդ ջան, ի՞նչ պահանջ ունեք, ի՞նչ ցավուդարդ ունեք, որ ես հոգամ»: Պտի գյուղապետը չաշխատի, վսյո՛, էլ ուրիշ ստեղ բան չկա», - հայտարարեց մյուսը:
«Դժվար ա հասկանա՞լ, որ 18 տարի մարդը ղեկավարել ա, մենք փոփոխություն ենք ուզում՝ պարզ, հասարակ բան՝ փոփոխություն ենք ուզում, ու վերջ», - հավելեց մեկ ուրիշը:
Գյուղապետը ներկա չէր, բայց նրան աջակցելու էին եկել հարազատ որդին, եղբորորդին, ավագանու անդամներ և այլ մերձավորներ։ Ասում էին՝ գյուղում փոփոխություն պետք է, բայց ո՛չ գյուղապետի։
«Լավն էլ մարդ ա, լավն էլ իսան ա․․․ Հարուր հատ տուն սարքեց, հարուր հատ տուն, սարքեց ու դրեց մեջը, բայց էսօր դժգոհ են», - հայտարարեց մի կին: Գյուղապետի հրաժարականը պահանջողները հակադարձեցին․ - «Իրա հարսն է, ազգի հարսն է իրա»:
«Ուռուսյանը էս 18 տարի գյուղապետ ա էղել, միայն ընտրվել ա ժողովրդի քվեով», - պնդեց գյուղապետի մեկ այլ կողմնակից:
«Այ էն սուպերմարկետի տերը, Արթուրինն ա, ասում ա՝ էս խի՞ ես տվել սրան, էսի էլ տուր ինձի, էնի էլ տուր ինձի: Դրա համար էլ էսօր ինքն ա հելե, էն մյուսն ա հելե, ասեմ քեզ ով ա հելե պրոծիվ, հելել ա՝ իրա ախպերն ա դրե անցած տարի՝ չի անցել, ինքն ա դրե, էս խանութի տերն ա էղե», - շարունակեց մյուսը: «Չհավատաք իրան, ինքը գյուղապետի տղեն ա», - արձագանքեց մի կին:
Գյուղացիները միմյանց մեղադրում էին ավելի վաղ ընտրակաշառք ստանալու կամ կաշառքի դիմաց բնակարանի կարիք ունեցողների ցուցակներում ընդգրկվելու համար։ Նշում էին՝ ժամանակին հանուն ընտրակաշառքի լռության են մատնվել գյուղի բոլոր խնդիրները։
«Հայաստանը նոր ա ուզում ոտքի կանգնի, քանի որ Սերժի կլանից դուրս ենք էկել: Դուք եք էղել [ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար] Վահրամ Բաղդասարյանի համար ձայն հավաքողները, դուք եք նրանց ձայներն հավաքել, և «Օրինաց երկրի», - հայտարարեց մի տղամարդ:
«Արել ենք՝ չենք հրաժարվում, դուք մի հրաժարվեք ձեր արածներից», - հակադարձեց մյուսը:
Այսօր գյուղացիների բողոքները լսելու էր եկել Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը։ Գյուղացիներին առաջարկ արեց․ - «Բերեք սենց մի բան անենք՝ հանձնաժողով ստեղծենք, ձեզանով, մեզանով, կառավարության անդամներով, գնանք ձեր հարցերը դնենք, էդ փաստաթղթերը նայենք»: «Պրոբլեմ չկա», - եղավ արձագանքը:
Գյուղապետի մասին հակադարձ կարծիք ունեցող ջրաշենցիների երկու խմբերի միջև այսօր հաճախ բախումներ էին տեղի ունենում, անգամ ոստիկաններ եկան՝ մարզի փոխոստիկանապետի գլխավորությամբ։ Ի վերջո, գյուղամեջը դատարկվեց, բարձրացված հարցերը մնացին՝ աղետի գոտում բնակարանների հատկացումից մինչև նորակառույց մանկապարտեզ, որի վրա անցած տարի տեղական բյուջեից 35 միլիոն դրամ է հատկացվել, բայց դեռևս դռները կողպված են, իսկ գյուղապետարանը հայտարարում է, թե նոր տեղադրված ջեռուցման համակարգն էլ գողացել են, հանցագործներն էլ դեռ հայտնաբերված չեն։
Այս ամենը շեշտելով՝ գյուղապետից դժգող ջրաշենցիները սպասում են նաև կառավարության անդամներին ու մարզի իշխանությանը։