Չանիկլի․ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել Մանբիջում համատեղ վերահսկողության շուրջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս (ձախից) և Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիկլի, Բրյուսել, 7-ը հունիսի, 2018թ․

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե համաձայնության են եկել ամերիկյան կողմի հետ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող առանցքային Մանբիջ քաղաքում համատեղ վերահսկողություն իրականացնել:

Խոսելով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, Նուրեթին Չանիկլին ասել է, թե հանդիպել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի հետ: «Մենք շատ մանրամասն, կառուցողական ու դրական քննարկում ունեցանք Մանբիջի ճանապարհային քարտեզի շուրջ», - ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին Վաշինգտոն կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարել, թե Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Ամերիկայի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից Անկարայի սկզբունքային պահանջներից մեկն էր: Թուրքիան մտավախություններ ունի, թե իր սահմանների մոտ տեղակայված ուժերը կարող են անջատողական տրամադրություններ տարածել նաև երկրի ներսում ապրող քրդերի շրջանում: