Հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ծնունդով Իրանից, ներկայումս Գերմանիայում բնակվող հայազգի անվանի տենոր, նաև կոմպոզիտոր Մասիս Առաքելյանի մենահամերգը՝ նվիրված «Էրեբունի-Երևան»-2800-ի հոբելյանական տարեդարձին: Ծրագրում ՝ Շումանի, Կոմիտասի և հենց իր՝ Առաքելյանի ստեղծագործություններն են:
Մասիս Առաքելյանը բազմաթիվ համերգներ է ունեցել եվրոպական տարբեր բեմերում, ամենուրեք ներկայացնելով հայ հոգևոր և դասական երաժշտարվեստը՝ Կոմիտաս, այլ հեղինակներ, այդ թվում նաև իր ստեղծագործությունները: Թողարկել է նաև մի շարք ձայներիզներ: «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով իր առաջիկա համերգին, Մասիս Առաքելյանը շեշտում է․
«Հայաստանի համար հետքաքրքիրն այն է, որ սփյուռքում ծնված ու մեծացած հայը Կոմիտասի երաժշտությունը հետ է բերում Հայաստան: Սփյուռքը շատ է նայում դեպի Երևան, դեպի Հայաստան և չի մոռանում Հայաստանը»:
Այս տարեսկզբին Մասիս Առաքելյանը գործընկերուհու՝ Լիլիթ Հակոբյանի հետ Բեռլինում հիմնել է «Գիտելիք» կիրակնօրյա հայկական դպրոցը, որտեղ հայոց լեզու և գրականություն առարկաներից բացի երեխաները նաև հայ հոգևոր և դասական երաժշտության դասեր են ստանում: «Սփյուռքում մեր մշակույթը կորչում է: Եթե չպաշտպանենք ու չփոխանցենք նոր սերունդներին, կկորչի»,- ասում է իրանահայ երգիչն ու կոմպոզիտորը:
Ոշագրավ է ոչ միայն Մասիս Առաքելյան երգչի, այլև երգահանի գործունեությունը: Անդրադառնալով առաջիկա համերգին, նա շեշտում է՝ սա իր նվերն է մեր համաքաղաքացիներին, և առհասարակ՝ ինքն իր կյանքում առաջնորդվել է «հնարավորինս մարդկանց տալու, ոչ թե վերցնելու սկզբունքով»:
Your browser doesn’t support HTML5