Քաղհասարակությունը հնարավորություն է փնտրում արագացնելու «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հետ համագործակցությունը

1

Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԱՄՆ-ը կատարած այցի ընթացքում հանդիպել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Ընտրության, համապատասխանության և քաղաքականության իրականացման տնօրեն Դանիել Բարնսի հետ՝ քննարկելով, թե ինչպիսի հնարավորություններ կան, որպեսզի կազմակերպությունը Հայաստանի հետ համագործակցությունը վերսկսելու որոշում կայացնի այս տարվա դեկտեմբերին։

Միացյալ Նահանգներում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ կազմակերպության ընթացակարգային հարցերի պատճառով հնարավոր է ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը կայացվի 2019-ի դեկտեմբերին, սակայն այժմ կա բացառություն անելու և գործընթացները արագացնելու հնարավորություն, ինչի ուղղությամբ քննարկումներ են ընթանում։

«Հայաստանի դեպքում խնդրահարույցը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Հիմա մենք իրենց հետ միասին փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի իրենք ավելի արագ կերպով թարմացնեն իրենց քարտը, կոպիտ ասած, Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, որովհետև ընթացակարգը, որ իրենց մոտ, կա հետևյալն է՝ իրենք վերցնում են Համաշխարհային բանկի ցուցանիշները, որոնք Համաշխարհային բանկը հրապարակում է ամեն տարվա սեպտեմբերին, իսկ Համաշխարհային բանկն իր հերթին վերցնում է և ուսումնասիրում է այն տվյալները, որոնք երկրում եղել են վերջին տարի ու տարիուկեսի ընթացքում, այսինքն՝ այս տարվա սեպտեմբերին հրապարակվելիք տվյալներում այն փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել վերջին շրջանում, տեղ չեն գտնելու, դրանք տեղ են գտնելու միայն հաջորդ տարվա սեպտեմբերին հրապարակվող տվյալներում, և, ըստ էության, դա նշանակում է, որ այս տարվա դեկտեմբերին կոռուպցիայի մասով Հայաստանը, ֆորմալ առումով, բավարար ցուցանիշ չի ունենալու, բայց այդ կանոնից հնարավոր են բացառություններ, այդ բացառությունները հնարավոր են, եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը լինի նաև ինստիտուցիոնալ, եթե լուրջ հիմքեր Հայաստանից թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ իշխանությունը ներկայացնեն առ այն, որ կոռուպցիայի դեմ պայքարն արմատական փոփոխություններ է ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Հարցին, թե իրենք ուզում են արագացնե՞լ այդ գործընթացները, Իոաննիսյանը պատասխանեց. - «Մենք ինտենսիվորեն ճանապարհ ենք ման գալիս, թե ինչպես է հնարավոր արագացնել այդ ընթացակարգերը, և պետք է ասեմ, որ իրենք էլ բավական ըմբռնումով էին մոտենում, այսինք՝ իրենք էլ էին տեսնում այն, ինչ-որ Հայաստանում տեղի է ունեցել, և իրենք էլ էին մեզ հետ միասին, այսպես ասած, մտածում, թե ինչ ճանապարհներ կան պրոցեսներն արագացնելու համար։ Պետք է ասեմ, որ հավանականությունը մեծ չի, բայց նման հավանականություն կա և մենք փորձելու ենք ամեն ինչ անել որպեսզի այն իրական դառնա»։

Դանիել Իոաննիսայն, արխիվ

Հիշեցնենք՝ ավելի քան 10-ը տարի առաջ Հայաստանն ընդգրկված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում։ ԱՄՆ-ից ակնկալվում էր 235 միլիոն դոլարի օգնություն՝ հիմնականում ուղղված գյուղերի զարգացմանը։ Հայաստանը ստացավ այդ գումարի մի մասը, սակայն 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկած նամակում զգուշացրել էր, որ կորպորացիան իրավունք ունի կասեցնել, կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում: Ավելի ուշ այդպես էլ եղավ՝ Հայաստանը դուրս մնաց կորպորացիայի ծրագրից:

Ուշագրավ է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ԱՄՆ-ը պետքարտուղար Մայք Փոմփեոն հույս էր հայտնել, որ Հայաստանի կառավարությունն այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանի թեկնածությունը ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»:

Միևնույն ժամանակ Մայք Փոմփեոն նշել էր, թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի։

Նկատենք՝ ԱՄՆ-ը պետքարտուղարն ի պաշտոնե նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է։

Մայք Փոմփեո, արխիվ

Թեև գործընթանցներն արագացնելու թեկուզ և փոքր հնարավորություն հայաստանյան քաղաքացիական հասարակությունը տեսնում է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրական արդյունքներ գրանցելը դեռևս բավարար չի լինելու, որպեսզի Հայաստանը ֆինանսական աջակցություն ստանա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողը նշեց, որ կորպորացիան Հայաստանին աջակցություն կտրամադրի, եթե Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն չանցնի միջին եկամուտ ունեցող երկրների շեմը, տվյալ դեպքում 3 հազար 900 դոլարը:

Հայաստանում, ըստ նրա, այդ ցուցանիշը պաշտոնական տվյալներով 3 հազար 700 դոլարից մի փոքր ավելի է, և եթե առաջիկայում տնտեսական աճի արդյունքում ՀՆԱ-ն ավելանա, Հայաստանն այլևս «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից օգտվելու հնարավորությունից կզրկվի:

Թեև նկատենք, քաղաքացիական հասարակությունը կասկածի տակ է դնում ՀՆԱ-ի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ շեշտելով, որ դրանք կարող են վերանայվել:

«Շատ հնարավոր է, որ ավելի ազնիվ կերպով վիճակագրություն վարելու դեպքում այդ ցուցանիշն ավելի ցար լինի», - ասաց Իոաննիսյանը։

Հավելենք, որ հայաստանյան քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև «Թրանսփերենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Բաց հասարակության հիմնադրամները» հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ-ը Կոնգրեսում, Սենատում, Պետդեպարտամենտում, փորձագիտական շրջանակների հետ՝ քննարկելով Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունները և թե ինչպիսի աջակցություն կարող է Հայաստանին ցուցաբերվել առաջիկայում: