Ուկրաինայի խորհրդարանը երկարատև բանավեճերից ու քաղաքական խորհրդակցություններից հետո հինգշաբթի օրը ի վերջո հաստատեց Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին երկար սպասված որոշումը:
Կոռուպցիոն առավել աղմկալի գործերի քննության նպատակով հատուկ անկախ դատական մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին Ուկրաինայում խոսում էին վերջին մի քանի տարիներին, սակայն իրական տեղաշարժ այս հարցում հնարավոր եղավ ապահովել միայն վերջին շաբաթներին: Քվեարկությունից մի քանի օր առաջ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարեց, որ եթե այս որոշումը մերժվի խորհրդարանի կողմից, ապա ինքը հրաժարական կներկայացնի, քանի որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման շուրջ հետագա քաշքշուկը լրջորեն հարվածելու է երկրի միջազգային վարկին:
Երեկ Գերագույն Ռադայում կայացած քվեարկությանն էլ ներկա էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, որը դատարանի ստեղծման մասին պատգամավորների որոշումը որակեց որպես նվեր` իր նախագահության չորրորդ տարեդարձի առթիվ:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ այս օրինագիծը, չնայած շատերի մոտ տարածված տեսակետին, մենք հաստատում ենք ոչ թե Արժույթի միջազգային հիմնադրամի, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի, Եվրամիության, Եվրախորհրդի կամ Միացյալ Նահանգների համար, այլ հանուն Ուկրաինայի», - հայտարարում էր Պորոշենկոն:
Նկատենք, սակայն, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը միջազգային կառույցների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ քաշած պայմաններից մեկն էր: Արժույթի հիմնադրամը մի շարք նախապայմաններ է առաջ քաշել, որոնց կատարման դեպքում հնարավոր կլինի բարեփոխումների նպատակով շուրջ 17 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը ուկրաինական կառավարությանը: Հիմնադրամը ուկրաինական իշխանություններից պահանջում է, մասնավորաբար, բյուջետային դեֆիցիտը հասցնել 2.5 տոկոսի, ինչպես նաև բարձրացնել բնակչությանն ու արդյունաբերական ձեռնարկություններին մատակարարվող գազի գինը:
Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները, այդուհանդերձ, քննադատում են Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին որոշումը` պնդելով, որ այս մարմինը օժտված չէ իրական անկախությամբ:
«Օրինագիծը, որն այսօր հաստատվեց, Հակակոռուպցիոն դատարանը վերածում է Ուկրաինայի նախագահի մասնավոր սեփականության: Այնպես որ՝ մոռացեք կոռուպցիայի դեմ պայքարի մասին», - հայտարարում էր Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: