Նախորդ վարչապետեր Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, իրենց պաշտոնավարման ժամանակ ասել էին, թե խնդիրները լուծելու համար նման փայտիկ չունեն։
Գործող վարչապետը կախարդական փայտիկից խոսեց ի պատասխան «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին․ - «Ես հասկանում եմ, որ կախարդական փայտիկ չկա: Ուղղակի ուզում եմ ասել, որ թոշակառուների վիճակը իրոք շատ վատ ա, և իրանք ձեզանից ակնկալում են կտրուկ միջոցառումներ»:
«Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա, և այդ կախարդական փայտիկը արդեն իսկ իր գործը սկսել է, այդ կախարդական փայտիկը արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է արձանագրել: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչների, վերլուծաբանների 97 և ավել տոկոսը համարում է, որ այդպիսի բան լինել չի կարող: Հետևաբար կախարդական փայտիկ կա, կախարդական փայտիկը այսօր էլ գործի մեջ է, այդ կախարդական փայտիկը կիրականացնի ոչ միայն այն, ինչ որ հնարավոր է, այլև կիրականացնի այն, ինչ որ անհնար է», - արձագանքեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ իրենք ծառայում են իրենց ղեկավարին, այլ կերպ ասած «շեֆին», որը ժողովուրդն է։ Վարչապետի խոսքով, հիմնական խնդիրները լուծելու համար պետք է պետական եկամուտներն ավելացնել, կրճատել ստվերն ու պայքարել կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի ու ստվերի մասին Փաշինյանը խոսեց նաև մի շարք այլ՝ հայրենադարձության, արտահերթ ընտրությունների ու աշխատավարձերի բարձրացման մասին հարցերին պատասխանելու ժամանակ․ - «Նույն կոռուպցիան ինչպես տնտեսության զարգացմանն է խոչընդոտում, այնպես էլ հայրենադարձությանն է խոչընդոտում, այնպես էլ աղքատության հաղթահարմանն է խոչընդոտում, այնպես էլ գործարարության զարգացմանն է խոչընդոտում, այնպես էլ կրթությանն է խոչընդոտում, այնպես էլ գիտությանը․․․ ամեն ինչին է խոչընդոտում»:
Պատգամավորներից մի քանիսը նաև Ազգային անվտանգության ծառայության մասին խոսեցին։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը Փաշինյանին խորհուրդ տվեց այն իր հենարանը չդարձնել․ - «Չե՞ք կարծում արդյոք, որ նոր Կառավարությունը իր գործունեությունը սկսելիս առանձնապես կարևորագույն հենարան է իր համար հայտարարել Կա-Գե-Բեն: Ես Կա-Գե-Բե կասեմ, քանի դեռ չի փոփոխված այդ համակարգը: Չե՞ք կարծում, որ այդ համակարգի ընդհանրապես փլուզմամբ պետք է զբաղվի նոր իշխանությունը և դրա փոխարեն պետք է ձևավորի իրոք ազգային, իրոք Հայաստանի Հանրապետությանը ծառայող մարմին»:
Նիկոլ Փաշինյան․ - «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է, և ես չեմ ասում, թե այդ ծառայությունը կատարյալ է և փոփոխությունների, բարեփոխումների կարիք չունի»:
Վարչապետին ուղղված 13 հարցերից մի քանիսը բանակին ու դրա խնդիրներին էին վերաբերվում։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ղարաբաղյան հարցին անդրադարձավ՝ նկատելով, որ Կառավարության ծրագրում կրկնվում է միջազգային կառույցների այն գնահատականը, թե կողմերը պետք է չլարեն իրավիճակը․ - «Հավասարության նշան է դրվում կողմերի միջև»:
Վարչապետն արձագանքեց․ - «Չեմ կարծում, թե այդպիսի մեկնաբանությունը տեղին է: Ես ձեզ ուրիշ բան կարող եմ ասել: Երկու օր առաջ ես հանդիպում ունեի մեր գործընկեր երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչի հետ, և այդ դիվանագիտական ներկայացուցիչը ասում էր, որ կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք Հայաստանի հանրությանը պատրաստենք, այսպես ասած՝ խաղաղության, ղարաբաղյան հարցի կարգավորման: Ասացի՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք մեր հանրությանը Ձեր ասած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ որ ակնհայտ է, որ Ադրբեջանը իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե այդ պայմաններում մենք մեր հանրությանը փորձենք պատրաստել խաղաղության, նշանակում է մենք մեր հանրության պատրաստում ենք պարտության»:
Հանրապետականից մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը փորձեց ճշտել․ ներկայացվող ծրագրի համար պատասխանատուն միայն Կառավարությո՞ւնն է, թե՞ դրա ձևավորմանը մասնակից քաղաքական ուժերը՝ նկատելով, թե «Ծառուկյան» դաշինքի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրային կետերն այստեղ տեղ չեն գտել։
Վարչապետի պատասխանը․ - ««Ծառուկյան» դաշինքի ծրագիրը կար, գոյություն ուներ և շարունակում է գոյություն ունենալ, և այդ ծրագիրը Կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու՝ բնականաբար: Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագիրը կա, և այդ ծրագիրը Կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու՝ բնականաբար: Մենք ընդամենը եղածին, այդ շարքին ավելացրել ենք ևս մի գործոն, ևս մեկ ասելիք: Եվ դա հեղափոխական հրապարակի ասելիքն է և հեղափոխական հրապարակի օրակարգը»:
Պատասխանը չգոհացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովին․ - «Հասկացանք՝ ժողովրդական հեղափոխություն, հրապարակ․․․ Սա հասկանալի ա, խնդիր չեմ տեսնում: Ինձ, որպես Ազգային ժողովի պատգամավորի, հետաքրքիր ա՝ երեք խմբակցությունները հավասարաչափ կրո՞ւմ են քաղաքական պատասխանատվություն այս փաստաթղթի վերաբերյալ: Այո՞, թե՞ ոչ»:
«Կառավարության գործունեության համար և Հայաստանում առաջիկա գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որը կազմակերպել և իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: