«Մի քանի հարց կար Հայաստանում, որը էապես խոչընդոտում էր բիզնեսի մեծ, ռեալ, իրական ծավալմանը, դա նախևառաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին և իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները։ Օրինակ, եթե ես՝ առաջին փոխվարչապետս, որևէ ոլորտում ունենամ անձնական, սեփական բիզնես հետաքրքրություն, որևէ այլ մարդ մեծ դժվարություններ կունենա ինձ հետ մրցակցելու, որովհետև զանազան սխեմաներ կարող են գործի դրվել։ Այս հարցը, ինչպես նաև անկախ դատարանների հարցը ըստ էության Հայաստանում մեկ օրում լուծվել է», - ասաց Միրզոյանը՝ շարունակելով. - «Մենք՝ իշխանություններս, իհարկե չունենք բիզնես հետաքրքրություններ սեփական, և մենք՝ իշխանություններս, գործադիր իշխանությունը որևէ կերպ չի փորձում ազդել դատարանների վճիռների վրա։ Սրանք են այն երկու կարևոր հանգամանքները, որոնք էական են բիզնեսի համար և որոնք բացում են բոլոր դռները միջազգային և խոշոր բիզնեսի համար։ Մեծ ընկերությունները պլանավորման որոշ փուլեր են անցնում, շուկայի ուսումնասիրության փուլեր են անցնում, և ես վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին կտեսնենք էական փոփոխություններ էս հարցում, և հետաքրքրությունը գնալով աճում է»:
Մեկնաբանելով ՀՀԿ խմբակցությունից գործարար-պատգամավորներ Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի հեռանալը Միրզոյանը նշեց, «Նոր Հայաստանում» բիզնեսը սեփական շահերը պաշտպանելու համար քաղաքականությամբ զբաղվելու կարիք չունի:
Միրզոյանը հույս հայտնեց, որ Հանրապետական խմբակցությունից հեռանացող պատգամավորների նպատակը նոր կառավարությանն աջակցելն է, և որ նրանք այդ քայլին գնում են հանուն պետության:
Հիշեցնեմ, ՀՀԿ խմբակցությունից արդեն հեռացել է 6 պատգամավոր: Այսպիսով խորհրդարանում 58 պատգամավոր ունեցող խմբակցությունը դարձավ 52 հոգանոց ու կորցրեց բացարձակ մեծամասնությունը:
«Ազատության» հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից գործարար պատգամավորների դուրս գալը արդյո՞ք կապում է ԱԱԾ վերջին բացահայտումների, հայտարարությունների հետ, Միրզոյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած, հակված չեմ շատ տարբեր բաներ իրար հետ կապել։ Իրականում ամենաէական, առանցքային գործոնը, որ այստեղ դեր է խաղում, այն է, որ մենք, ինչպես հայտարարել ենք, նոր Հայաստան ենք կառուցում, գիծ ենք քաշել, գիտենք, որ բազմաթիվ մարդիկ հին խաղի կանոններով զանազան սխեմաների մեջ են ընդգրկված եղել, և մենք հայտարարել ենք, որ այսուհետ բիզնեսը ստիպված չի ստվերային տնտեսություն վարել, բիզնեսը ստիպված չի, այսպես ասած, դիպլոմատներով առանձին կանխիկ գումարներ կամ հաշիվների փոխանցում անել ապօրինի։ Բիզնեսը պետք է լինի բիզնես, հետապնդի իր բիզնես շահերը և վճարի հարկերը, այնպես ինչպես սահմանում է օրենքը։ Եվ ահա էս նոր խաղի կանոններում բիզնեսմենները այլևս ստիպված չեն ինչ-որ քաղաքական կապերով կապված լինել, և մեր պայմանավորվածություններն էլ իրենց հետ հստակ են՝ էդ այն է, որ դուք ձեր բիզնեսն անում եք և վճարում եք հասանելիք հարկերը, ուրիշ կապող բան չկա»։
Առաջին փոխվարչապետը, ով այսօր մասնակցում էր Հայաստան - Միացյալ Թագավորություն բիզնես ֆորումին, հույս հայտնեց, որ այն պատգամավորները, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից, նրանց «որոշումների մեջ էական դեր է խաղում պետության մասին մտածելը և նոր կառավարությանը շանս տալու, նոր կառավարությանն աջակցություն ցուցաբերելու մղումը»։
Նոր կառավարությունում կան նաև գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչներ: Առաջին փոխվարչապետը, սակայն, ընդգծեց՝ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու կանոնները նույն են լինելու բոլորի համար․ - «Սա վերաբերում է բոլորին՝ ինձ, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, բոլորին»:
Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության ազդեցությունը բիզնես միջավայրի վրա դրական է գնահատում նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանը հույս հայտնեց, որ բիզնես միջավայրի բարելավման ու թափանցիկության համար լրացուցիչ քայլեր կարվեն, և իր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Դեսպանը հայտնեց, որ Բրիտանիայի կառավարության համար այժմ առաջնահերթություն է Հայաստան - ԵՄ համաձայնագրի վավերացումը․ - «Որպես կանոն, նման համաձայնագիրը խոր ուսումնասիրության է ենթարկվում և շրջանառվում բոլոր նախարարություններում: Իսկ պառլամենտական քննարկումները համաձայնագրի շուրջ կսկսվեն մի քանի շաբաթից և ակնկալում եմ, որ կտևեն մի քանի ամիս: Չեմ կարծում, թե վավերացման գործընթացում որևէ անակնկալ կլինի, քանի որ նախնական փուլում [համաձայնագիրը] արդեն իսկ հանգամանորեն բանակցվել է»:
Հիշեցնեմ, հունիսի 1-ից ժամանակավորապես ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որ դեռ պետք է վավերացվի Եվրամիության երկրների և Մեծ Բրիտանիայի կողմից: Առայսօր համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան և Էստոնիան: