ԱԻ նախարարը Լոռիում խորհրդակցություն կանցկացնի երեկ Սպիտակի մոտ գրանցված երկրաշարժի վերաբերյալ

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյան, արխիվ

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր առավոտյան վերադառնում է Հայաստան և ժամը 14։30-ին Լոռու մարզպետարանում անցկացնելու է խորհրդակցություն՝ հունիսի 6-ին Սպիտակ քաղաքի մոտ գրանցված երկրաշարժի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Նշենք, որ երեկ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը տեղական ժամանակով ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալլ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալլ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալլ, Երևանում՝ 3 բալլ: Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում։

Ըստ նախարարության, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասված է. - «Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24-ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։ ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։ Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4.3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ՀՀ ԱԻ նախարարությունը, հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների, շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը»։