«ԼՂ իշխանությունների դրսևորած գործելաոճը շատ ողջունելի է». Ալեն Սիմոնյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ողջունելի է համարում այս օրերին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ղարաբաղյան իշխանությունների դրսևորած գործելաոճը։

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունն ինքնուրույն ունակ են որոշ խնդիրներին պատասխան տալ, և իմ որևիցե մեկնաբանությունով ճիշտ չեմ համարում միջամտել այդ պրոցեսին։ Ես կարծում եմ, որ արցախցին կարող է ինքնուրույն այդ ճգնաժամից դուրս գալ, և տեսնում եմ, որ այդ ճգնաժամը շատ շուտ լուծում է ստանալու։ Ի պատիվ Ղարաբաղի իշխանությունների պետք է ասեմ, որ իրենց դրսևորած գործելաոճը շատ ողջունելի է», - «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, պատասխանեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին անցկացվում Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով։ Երեկ Արայիկ Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվեց պետական նախարարի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը՝ ոստիկանության պետի պաշտոնից:

Հարցին, թե արդյո՞ք այս օրերին Ստեփանակերտում տեղի ունեցող դեպքերի վրա որևէ ազդեցություն ունեցել է թավշյա հեղափոխությունը Հայաստանում, Սիմոնյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ մենք ականատես կլինեինք նման մի բանի ուշ թե շուտ՝ անկախ նրանից թավշյա հեղափոխություն կլիներ Հայաստանի Հանրապետությունում, թե՝ ոչ, բայց չեմ ուզում անմիջականորեն կապ տեսնել այդ ամենի մեջ, մարդկային այդ գիտակցությունը, իր սեփական ուժերին հավատալը և անարդարության դեմ պայքարելու զգացումը արցախցու մեջ շուտվանից կա։ Չէ, չեմ ուզում կապեմ դա հայաստանյան իրադարձությունների հետ»։

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը գնահատում Ղարաբաղում տեղի ունեցած այս պաշտոնանկությունները, «Ելք» խմբակցության պատգամավորը պատասխանեց. - «Հայաստանի իշխանությունն այդ հարցը դեռ չի քննարկել։ Մեզ համար սկզբունքային է և կա մի դիրքորոշում՝ դա այն դիրքորոշումն է, որը պարոն Փաշինյանը հայտնեց իր հայտնի եթերում, որևիցե ավել բան ես այս պահին չեմ կարող ասել, որովհետև ևս մի կարևոր բա կա՝ դա Ազգային ժողովում քննարկվելիք կառավարության ծրագիրն է, որի շուրջ մեր հիմնական քննարկումներն են տեղի ունենում»։