Այսօր ժամը 11-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրին հավանություն տվեց և այն խորհրդարան ուղարկեց հունիսի 1-ին:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում, մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: «Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ», - ասված է հաղորդագրությունում: