Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արայիկ Հարությունյանը, իր անսպասելի հրաժարականի պատճառները պարզաբանելու նպատակով հրավիրած ասուլիսում հավաստիացրեց, որ իր որոշումը վերջին օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի հետ կապ չունի:
Նշենք, որ ցուցարարները Հարությունյանի հրաժարականի պահանջ չէին ներկայացնում: Նրանց պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, որոնք ըստ էության արդեն կատարված են:
Հարությունյանն ասաց, որ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկումների արդյունքում եկել է եզրահանգման, որ ինքը նույնպես պետք է հրաժարական տա: Հավելեց, որ քննարկմանն այլ մասնակիցներ չեն եղել, որևէ երրորդ կողմի միջամտություն չի եղել: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է․ մամուլում շրջանառվում էր, թե արցախյան իրադարձությունները հեղաշրջման փորձ էին: Հարությունն ասաց, որ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող, Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն չի ունեցել իր ընդունված որոշման վրա:
Նա փոխանցեց նաև, որ այսօր վաղ առավոտյան խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է ներկայացվելիք հրաժարականի մասին՝ հավելելով․ - Ավելին չեմ կարող ասել»:
Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասաց․ - «Ինչի՞ եմ կայացրել նման որոշում: Որովհետև հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան իրադարձություններից հետո՝ իշխանափոխությունից, թավշյա հեղափոխությունից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ: Իհարկե, մեզ մոտ ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց ենք արձանագրել, բայց այդ իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջը Արցախում ավելացավ, և իշխանությունը, նախագահի գլխավորությամբ, պարտավոր է հաշվի առնել դա: Եվ վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահի հետ քննարկում էինք, թե ինչպիսի բարեփոխումներ իրականացնել, որը թույլ է տալու, առաջին հերթին, վստահություն ներշնչել հանրության շրջանակում, որը թույլ է տալու, բացի վստահությունից, իրականացնել ճիշտ բարեփոխումներ, առաջին հերթին, քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին: Տնտեսության զարգացման առումով, իհարկե, փոփոխություններ միշտ էլ անհրաժեշտ են լինում, բայց այն հիմքը, որը դրվել է ավելի քան տասը տարի, որը ապահովել է մեր երկրում տարեկան միջինը 10 տոկոսից ավել տնտեսական աճ, որը բերել է մեր երկրին լուրջ զարգացում սոցիալական, տնտեսական, քաղաքաշինության և այլ ոլորտներում, բայց որը բավարար չէ հանրության այսօրվա տրամադրությունների առումով: Բարեփոխումները ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը ստիպում է կոնկրետ լուրջ քայլեր իրականացնել: Եվ այդ բոլոր քննարկումների ժամանակ նախագահի հետ հիմքում դրվում էր կադրային լուրջ փոփոխությունները: Եվ արդեն մայիսի վերջին նախագահը սկսել էր առաջին քայլերը, որը պետք է շարունակվեր: Բայց տեղի ունեցան զարգացումներ: Ընդամենը երկու օր առաջ մեր միտինգի ժողովրդի առջև ես հայտարարել եմ, որ այն, ինչ պատրաստվում է անել երկրի նախագահը, ձեր ներկայացրած պահանջը ընդամենը դրա մի փոքր մասն է: Այո, պետք է կադրային լուրջ փոփոխություններ [իրականացնել], և կոնկրետ մենք՝ այսօր դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն ծրագիրը, պայմանավորվածությունը, որը կար»:
«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ պետնախարարի հրաժարականն անսպասելի էր նաև իրենց համար: Իշխանյանը նաև ասաց, թե առաջիկա օրերին լինելու են հրաժարականի նոր դիմումներ»:
Անդրադառնալով ԼՂ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի նշանակմանը պետնախարարի պաշտոնում՝ Իշխանյանը միանշանակորեն հերքեց դրա հնարավորությունը: