Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք գալա համերգով արդեն 14-րդ անգամ այսօր կմեկնարկի հայազգի մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական մրցույթը, որը հիմնադրվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և ավանդաբար ամեն տարի մեկնարկում է նրա ծննդյան օրը՝ հունիսի 6-ին:
Ամեն տարի մրցույթին մասնակցում են կատարողական արվեստի ճյուղերից մեկի ներկայացուցիչները: Այս տարի երաժշտական միջազգային այս մրցահարթակում հանդես կգան թավջութակահարները: Հենց այս պատճառով էլ այս երեկո կայանալիք գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես կգա տարիներ առաջ այս մրցույթի առաջին մրցանակակիր դարձած, այսօր արդեն անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
«Խաչատրյանի մրցույթի հաղթանակը իմ ամենաառաջին հաղթանակներից մեկն էր: Դա շատ մեծ պատիվ է՝ հայրենիքում հաղթել այդպիսի մրցույթում, արժանանալ ոսկե մեդալի», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հախնազարյանը:
Մրցույթի միջազգային ժյուրիի պատվավոր նախագահը այս տարի հայկական արմատներով լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր, Քշիշտոֆ Պենդերեցկին է: Նա Երևան կժամանի առաջիկա օրերին:
Իսկ ժյուրին կնախագահի մեր լավագույն երաժիշտներից Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար, անվանի թավջութակահար Սուրեն Բագրատունին․ - «Ես Խաչատրյանի մրցույթին հետևում էի արտասահմանից, և ինչքան որ էդ ժամանակ կարողանում էի լսել, հիշում եմ շատ լավ Հախնազարյան Նարեկի ելույթները, ջութակահար Ֆյոդոր Ռուդինի կատարումը: Ցավոք սրտի, շատ չեմ կարողացել լսել, որովհետև այդ ժամանակ ես ինքս շատ զբաղված եմ եղել համերգներով: Բայց ես կարող եմ ասել, որ այդ երաժիշտները շատ մեծ դեր են կատարում այսօր, և ինձ թվում է, որ Խաչատրյանի մրցույթի դերն էլ շատ մեծ է, որ կարողացել է ճանաչել այդ տաղանդներին»:
Արամ Խաչատրյան մրցույթի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում մրցույթի մրցանակակիրները իրենց նորանոր նվաճումներով է՛լ ավելի են նպաստել այս մրցույթի հեղինակության բարձրացմանը համաշխարհային երաժշտարվեստում, և դրա լավագույն ապացույցն է տարիներ առաջ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային անդամակցությունը:
Նրա փոխանցմամբ, առայժմ սա Հայաստանի միակ մրցույթն է, որն անցկացվում է այդ կառույցի չափանիշներով․ - «Ամենակարևոր ձեռքբերումներից այն է, որ մեր դափներկիրները հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում, հանրահռչակում են Արամ Խաչատրյանի անունը: Եվ այն փաստը, որ մեր մրցույթի հաղթողները դառնում են, օրինակ, Չայկովսկու մրցույթի հաղթողներ, ինչպես Նարեկ Հախնազարյանն է, դա իհարկե մեզ համար մեծ հաղթանակ է»:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասաց․ - «Մշակույթի նախարարության կողմից աջակցությունն այս ծրագրին ամենևին պատահական չի, և 14 տարի արդեն մրցույթը գոյություն ունի, ինչը խոսում է մրցույթի լուրջ, ծանր դերակատարման մասին երաժշտարվեստի ոլորտում: Իսկապես մրցույթը պիտի դիտարկենք որպես առհասարակ Հայաստանի մշակութային կյանքում և մասնավորապես երաժշտարվեստի բնագավառում կարևորագույն իրադարձություններից մեկը»:
Հավելենք, որ այս մրցույթի դրամական պարգևներն ամենաբարձրն են Հայաստանում: Առաջին մրցանակակիրը կստանա 15 հազար դոլարին համարժեք դրամ, 2-րդ և 3-րդ տեղերը նվաճած երաժիշտները՝ համապատասխանաբար 10 և 5 հազար դոլարին համարժեք դրամ: