Երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել է կառավարության ծրագիրը, ներքաղաքական հարցեր, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու հարցը։
Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հանրապետականը որոշում է կայացրել իր անդամներից մի քանիսին գործուղել մասնակցելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մշակման աշխատանքներին, նրանց թվում եմ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը։
Շարմազանովը նաև բացառել է, որ արտահերթ ընտրությունների պարագայում Հանրապետականը դուրս մնա նոր խորհրդարանից։
«Ազատություն». - Նոր կառավարության ծրագրի, կազմի մասին Սերժ Սարգսյանն արտահայտվե՞լ է։
Շարմազանով. - Նոր կազմի մասին ոչ, ես բոլորին էլ շնորհավորում եմ վարչապետից մինչև բոլոր նախարարներին, և մենք ասել ենք, կներեք էս բառիս համար, ներողություն եմ խնդրում բառիս համար, բայց Հանրապետականն աբիժնիկ չէ։ Հանրապետականը պետականամետ ուժ է, մենք գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու, մենք հնարավորություն պետք է տանք, որպեսզի կառավարության ծրագիրն ընդունվի, և ինչպես մայիսի 8-ին այնպես էլ հունիսի 7-8-ին՝ քվեարկության ժամանակ, մենք համապատասխան քանակությամբ ձայներ կապահովենք, որպեսզի կառավարության ծրագիրը ընդունվի և Փաշինյանի կառավարությունը շարունակի գործել։ Դա նաև պարոն նախագահի համոզմունքն էր։ Երկրորդ՝ միևնույն ժամանակ մեր քաղաքական՝ թևը հաշվի առնելով ծրագրի բովանդակությունը, կամ շատ դեպքերում ծրագրի բովանդակության բացակայությունը և խնդրահարույց որոշ կետեր, մենք շատ հավանական է, որ քվեարկենք դեմ։ Այսինքն՝ մեր քաղաքական թևը կքվեարկի դեմ, ոչ թե դեմ Փաշինյանին, մենք անձերին դեմ չենք, զուտ փաստաթղթին, բայց հնարավորություն կտանք, ֆրակցիայից կլինեն մի շարք պատգամավորներ, ովքեր, որ կողմ կքվեարկեն։
«Ազատություն». - Ինչպես որ ընտրեցին Փաշինյանին։ Իսկ քաղաքական թևը կոնկրետ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի ո՞ր դրույթներին է սկզբունքորեն դեմ։
Շարմազանով. - Նախ ասեմ, որ ես կառավարության ծրագրում ծրագիր չեմ տեսել, կներեք՝ ինքը ցանկությունների, երազանքների, միգուցե բաժակաճառերի փաստաթուղթ է, որտեղ կան բարի ցանկություններ, բարի երազանքներ, բայց չկան ինչպես, ոնց, ինչ թվեր, ումով... սա է մտահոգիչ։ Այսինք՝ Փաշինյանն առաջարկում էր թռիչքային զարգացում, թռիչքային զարգացումը ես հասկանում եմ առնվազն երկնիշ տնտեսական աճ, դրա մասին չկա։ Հասկացանք արտահերթ ընտրություններ, բայց մինչև էս արտահերթ ընտրություններն, անկախ նրանից, թե դրանք երբ կլինեն, մեր ժողովուրդը սպասելիք ունի, որևէ մեկը չի կարող մեկ-երկու տարի սպասել, ինչ է որ արտահերթ ընտրություններ են, արտահերթ ընտրությունների համար կան նաև այլ կառույցներ, որ պետք է զբաղվեն։
«Ազատություն». - Պետք է թվե՞ր լինեն նաև, թե որքան տնտեսական աճ են կանխատեսում։
Շարմազանով. - Չկան ոչ միայն թվեր, այլ նաև ռեսուրսը չկա, թե ինչպես պետք է անեն։ Գրած է՝ «գյուղատնտեսությունը պետք է հեղափոխական տեմպերով զարգանա», հեղափոխական տեմպերով զարգանալը ո՞րն է, Արագածի փեշերին արածող կովերը Փաշինյանի հեղափոխությունից հետո կրկնակի կամ եռակի կաթնարտադրություն պետք է տա՞ն։ Կամ ասում է՝ «զբոսաշրջությունը պետք է զարգանա և թավշյա հեղափոխությունից հետո զբոսաշրջիկները կգան Հայաստան», բա որ չեկա՞ն, ինչ ենթակառուցվածքներ ես դնում։
«Ազատություն». - Կոռուպցիայի դեմ պայքարում, օրինակ, բավական լուրջ մեխանիզմներ են առաջարկում։
Շարմազանով. - Կառավարության ծրագիրը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չի, կառավարության ծրագիրը դա տնտեսական առաջնահերթություններն են, արդյունաբերություն չկա՝ զրո արդյունաբերություն, եթե արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը մենք հանում ենք, որպես առաջնահերթություն չկա, արդյունաբերության մասին գրեթե բան չկա, բա էդ հարկերը մենք ո՞նց ենք տալիս։ Եթե մենք հանքարդյունաբերությանը կարևոր տեղ չենք հատկացնում և առհասարակ արդյունաբերությանը, բա ո՞նց ենք աշխատատեղ ստեղծում, բա մեր ժողովուրդը պարոն Փաշինյանից ակնկալում է թռիչքային զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, նոր ներդրումներ, բա եթե Թեղուտում նոր աշխատատեղեր չեն բացվելու, Քաջարանում չեն բացվելու, մեկ այլ տեղ չեն բացվելու, բա էս ժողովուրդը որտե՞ղ է աշխատելու, բա պետք է աշխատեն չէ՞, որ պետբյուջե էլ գումար գա։ Մենք իրենց տվել ենք յոթուկես տոկոս տնտեսական աճով երկիր, իրենք ասում են՝ «թռիչքային զարգացում», ինչպե՞ս՝ չկա էդ ինչպեսը, ումո՞վ՝ չկա, ի՞նչ ռեսուրսներով՝ չկա, ինչքա՞ն՝ չկա, էս տարի իրանք ինչքա՞ն են դնում 3, 5 տոկոս են դնում, թռիչքայինը յութուկեսից ավելն է, չէ՞, այսինքն առնվազն երկնիշ, չկա ու տենց բազմաթիվ կետեր կան։ Թոշակները պետք է բարձրացնե՞ն, թե՞՝ չէ, ինչքա՞ն պետք է բարձրացնեն, ո՞նց պետք է բարձրացնեն, անվտանգության համակարգում կան խոցելի կետեր, արտաքին հարաբերություններում կան խոցելի կետեր, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները պետք է խորացվեն, ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ եք առաջարկում, սրանք կենացներ չեն։
«Ազատություն». - Օրինակ՝ ծրագրում նշված է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է լինի հավասարության սկզբունքը։
Շարմազանով. - Ո՞նց, նախ ի՞նչն է անհավասար եղել, դա պետք է ներկայացնեն, երկրորդը՝ գործով պետք է ասենք։ Էս մի ամիս է եկել են, ի՞նչ են իրենք արել։ Այդ հարցերը պետք է տանք։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ էս կառավարության ծրագրի վրա արհեստավարժներ, մասնագետներ չեն աշխատել։