Հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը

Վարչապետին ներկայացրած դիմումում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանը նշել է, որ «ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել իր հետագա ծառայությունը»:

Շահինյանը չի մասնավորեցնել, թե հատկապես ինչ հանգամանքերի մասին է խոսքը։

2007 թվականին հատկապես պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կատարած և ընտրական գործընթացին առնչվող հանցանքները քննելու համար ստեղված ծառայությունը Վահրամ Շահինյանը ղեկավարում էր 2013 թվականից։

«Փաստորեն հրաժարականների շքերթը շարունակվում է: Եվ պատճառն այն է, որ․․․ ես չգիտեմ՝ խղճի թելանդրանքով են հրաժարական տալիս, թե ինչ-որ տեղի ցուցումով են հրաժարական տալիս, բայց մի կարևոր հարց կա, որ այժմ Հայաստանում գործում է հանրային կարծիքը: Որովհետև մինչ այս հանրային կարծիքը զրոյական էր, և որևէ մեկը պաշտոնյաներից նույնիսկ իր ամենացնցող «քաջագործությունների» համար հրաժարական չէր տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանը բացատրություն չունի, թե ինչու իրավապահ ու դատական համակարգի բարձաստիճան ներկայացուցիչները սկսեցին հրաժարականներ տալ իշխանափոխությունից մեկ ամիս անց միայն: Սակայն, ըստ նրա, միանշանակ է, որ բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր կարճած Հատուկ քննչական ծառայության ղեկավարի հանդեպ հանրությունը վստահություն չուներ․ - «Աղմկոտ բացահայտում և ինչ-որ հարց, իմ համոզմամբ, չի քննվել Հատուկ քննչական ծառայությունում: Հիշեք հայտնի գործերը՝ օֆշորի հայտնի գործերը, նաև Սյունիքի նախկին մարզպետի քաջագործությունների հետ կապված կարճումները և այլն, և այլն»:

Վերջին տասնամյակի ընթացքում տասնյակ պաշտոնյաների թույլ տված հնարավոր չարաշահումների, ինչպես նաև ընտրական խախտումների մասին ՀՔԾ և դատախազություն դիմած «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը չի հիշում որևէ դեպք, երբ շահերի բախման կամ պաշտոնի չարաշահման մասին իրենց ահանզանգից հետո ՀՔԾ-ն լիարժեք քննություն է անցկացրել, բացահայտել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անօրեն գործողություն։

Ըստ Տիգրանյանի, նախկին ԴԱՀԿ պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալից հետո քրեական գործի կարճումը միայն բավարար է բնութագրելու ՀՔԾ-ի գործելաոճը․ - «Ոչ թե ՀՔԾ-ն հետամուտ եղավ բացահայտելու, ամբողջականացնելու օբյեկտիվ ճշմարտությունը, այլ թերի հարցումներով կամ չհարցումներով համապատասխան երկրի՝ Շվեյցարիայի Դաշնությունից, նրանց իրավապահ մարմիններից փոխօգնությունը չհայցվեց պատշաճ կարգով, չստացվեց համապատասխան տեղեկատվությունը, համարեցին, որ իրենց քննությունը փայլուն ավարտել են, և ժամանակն է գործը կոծկելու, կարճելու: Այնուհետև Միհրան Պողոսյանը ստացավ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ»:

2017-ին իրար հետևից կարճեց ևս երկու աղմկահարույց, այս անգամ ընտրություններից առնչված քրեական գործեր՝ «ՍԱՍ» սուպետմարկետում արված սկանդալային ձայնագրության և Երևանի ավագանու ընտրություններից հետո աղբամանում հայտնաբերված ընտրակաշառք բաժանելու մասին վկայած թղթերին առնչվող, «Զիբիլիքս» անունը ստացած քրգործը:

«Բայց այդ երկու գործով էլ ակնհայտ էր Հատուկ քննչական ծառայության միտումնավոր դանդաղկոտությունը և ակնհայտ անգործությունը: Նաև ինֆորմացիայի որոշակի պակաս կար, թե, օրինակ, այդ ժամանակահատվածում ովքեր են հարցաքննվում, ձայնի իդենտիֆիկացիան արվեց, թե չարվեց, ով էր էդ ժողովը վարում: Մինչդեռ, կարծում եմ, շատ մեծ հմտություններ պետք չէին, մեկ-երկու քննչական գործողություններ անելու արդյունքում հասնել նրան, որպեսզի բացահայտվեն և՛ այդ հանդիպման կազմակերպիչները, և՛ ժողովը վարողը, և՛ նրան հրահանգ տվողը»:

Ավետիք Իշխանյանի կարծիքով, Հանրապեական կուսակցության իշխանության օրոք ամեն ինչ արվել էր, որպեսզի Հատուկ քննչկան ծառայությունը հնարավորինս կախյալ լիներ Հայաստանի իշխանություններից, քանի որ նշանակվում էր անձամբ նախագահի կողմից։

Ըստ Իշխանյանի, առաջիկայում անհրաժեշտ են օրեսդրական փոփոխություններ իրվապահ համակարգն իսկապես անկախ դարձնելու համար․ - «Հույս ունեմ, որ նոր իշխանությունները այդ ամբողջ նախկին և՛ Սահմանադրությունը, և՛ սահմանադրական օրենքները կբարեփոխեն, և իսկապես իշխանության տարանջատման սկզբունքները կաշխատեն Հայաստանում: Եվ ես հույս ունեմ, որ նոր իշխանությունները չեն գայթակղվի իշխանություն պահելով և չեն կրկնի 90-ականների սխալները»: