Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետը հրաժարական է տալիս

Կամո Աղաջանյան, լուսանկարը՝ ԼՂ ոստիկանության պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:

«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն, այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը», - ասված է Աղաջանյանի հայտարարությունում, որը հրապարակված է Արցախի ոստիկանության պաշտոնական կայքէջում:

«1991 թվականից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի Ուխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին, ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։ 2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը՝ իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս, ստեղծել ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին», - ասված է հայտարարությունում:

Ընդգծելով, որ իր համար «միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգությունը, ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը, որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ», Կամո Աղաջանյանը հայտնում է․ - «Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը, ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին»։

«Վերջում կուզեի հավաստիացնել, որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն։ Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը», - հայտարարում է գեներալ-մայորը:

Հիշեցնենք, վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին անցկացվում ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով:

Այսօր հրաժարական է ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: