Ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները բողոքի նամակ են հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը

Ադրբեջանի մամուլի խորհուրդը ու ևս 25 լրատվամիջոցներ բողոքի նամակ են հղել Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության պետ Մարիա Զախարովային, պնդելով, որ հունիսի 1-ին կայացած վարչության պետի տեղակալի ճեպազրույցի պաշտոնական հաղորդագրությունում վերջինիս պատասխանը խեղաթյուրված է:

Նամակում շարադրված է նախապատմությունը: Հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցում ադրբեջանական «Թրենդ» գործակալության թղթակիցը հարց էր տվել՝ ճշտելու Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:

Նշենք, որ «Թրենդ»-ի թղթակիցը բանակցություններին մասնակցելու հարցում Ղարաբաղի իշխանությունների փոխարեն օգտագործել էր «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմ» արտահայտությունը:

«Թրենդը» պնդում է, որ Արտյոմ Կոժինը ասել էր, թե ընդհանրապես բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ուղենշած գծերի մեջ, հավանաբար կառուցողական չեն:

Այդ ճեպազրույցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը ոչ կառուցողական է համարում բանակցություններում Ղարաբաղի ընդգրկման Փաշինյանի առաջարկը: Սակայն ըստ «Թրենդ»-ի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում մեկ բառ է փոխվել, ըստ այդմ՝ Արտյոմ Կոժինն ասել, թե «Ձեր բարձրագոչ հայտարարությունները չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի նշած ուղեգծում»:

Պաշտոնական հաղորդագրությունից հետո հայկական լրատվամիջոցներն էլ գրել էին, թե Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցում ադրբեջանցի լրագրողին հանդիմանել են:

Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից Մարիա Զախարովային այսօր ուղղված նամակում նշված է, որ մեկ բառի փոփոխությունը խեղաթյուրել է Արտյոմ Կոժինի պատասխանի իմաստը ու ստացվում է, որ նրա խոսքերը վերաբերում են լրագրողի հարցին, այլ ոչ թե Հայաստանի վարչապետի հայտարարությանը:

«Մենք ծանրակշիռ հիմքեր ունենք ենթադրելու, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության խնդրի հրատապությունը և այդ հարցին Ռուսաստանի զգայուն վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի հետ դիվանագիտական սկանդալի հավանականությունը, Ռուսաստանի արտգործնախարարությանը ստիպել է կոպիտ կեղծիք կատարել: Այդպիսով Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ոչ միայն խեղաթյուրել է ռուսաստանցի դիվանագետի՝ բանակցային գործընթացի իսկական էությանը համապատասխանող պրոֆեսիոնալ պատասխանը, այլ փորձել է պատասխանատվությունը ամբողջովին դնել լրագրողի վրա, ով կոռեկտ և տեղին հարց է տվել», - Զախարովային ուղղված երկար նամակում գրել է ադրբեջանական մամուլի համայնքը, վերջում նշելով, որ այդ միջադեպը պատիվ չի բերում Ռուսաստանի արտգործնախարարությանը և այդ կեղծիքը պետք է ուղղվի ու վերականգնվի ճշմարտությունը:

Ավելի վաղ «Թրենդ»-ը գրել էր, որ հիշյալ ճեպազրույցի մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում կատարված կեղծիքը ռուսական ու հայկական մամուլի համար ճանապարհ է բացել անվանարկելու իրենց, նպատակ հետապնդելով զրպարտելու ադրբեջանական լրատվական գործակալությանը: «Թրենդ»-ը օգնության կոչով դիմել էր ադրբեջանական մամուլի համայնքին, մասնավորապես Մամուլի խորհրդին, հորդորելով պաշտպանել իրենց անհիմն հարձակումներից ու շահարկումներից: