Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության․ Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության և նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հայտնի չէ, թե որտեղից մամուլին այն տեղեկությունը, որ մարտի 1-ի գործով առաջիկայում հարցաքննվելու է 2-րդ նախագահը։

Երեկ նման հրապարակում էր արել «Հայկական ժամանակ» օրաթերթը, նշելով, որ «լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով»։

Հատուկ քննչական ծառայությունից ոչ հերքում, ոչ հաստատում են այս լուրը։

«Առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ պաշտոնատար անձանց հարցաքննություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չհստակեցնելով՝ արդյոք նախաքննության շրջանակում գործող, թե՞ նախկին պաշտոնյաների հարցաքննություններ են սպասվում։

Մինչ այդ՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցի համահեղինակ Սեդա Սաֆարյանը կարծում է՝ իշխանափոխությունից հետո իրական հնարավորություն կա սպանությունների հեղինակներին բացահայտելու․ - «Որոշակի գործողություններ հարկադրված կլինեն կատարել, որովհետև դա նաև հանրության պահանջն է, նաև նոր իրականության պահանջն է: Այս առումով, գտնում եմ, որ ստեղծված պայմանները փոքր-ինչ նպաստավոր են Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առումով»:

Երկրորդ նախագահի հարցաքննությունը առաջին քայլերից մեկը կարող է լինել սայլը տեղից շարժելու և վերջապես 10 տարվա վաղեմության սպանությունները բացահայտելու համար, կարծում է փաստաբան Սեդա Սաֆարյանը, ավելացնելով, որ նախաքննական մարմինը պետք է բացահայտի բոլորին՝ հրաման տվողներից մինչև ձգանը քաշողներին։

«Բացի Քոչարյանից կան մարդիկ, որոնք շաղկապված են նրա գործողությունների հետ։ Եթե կարողանան հարցաքննել Քոչարյանին, ու, ասենք, միշտ իրեն օրենքից վեր է համարել, և ինչպե՞ս է, որ Հայաստանում ընդունված չէ նախագահներին հարցաքննելու մասին անգամ մտքում մտածել՝ նախկին նախագահներին անգամ, այդ տեսանկյունից նաև կկոտրվի հանրության կարծրատիպը», - ասում է նա:

Ոչ միայն 2-րդ նախագահի, այլև բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների հարցաքննության անհրաժեշտություն կա, վստահ է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Որդու և մյուսների գործերով ավելի քան 10 տարի արդարադատության սպասած Սարգիա Քլոյանի կարծիքով՝ Թավշյա հեղափոխությունը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել, քանի դեռ չի փոխվել գլխավոր դատախազը, չեն հեռացած իրավապահ մյուս կառույցների ղեկավարները, ինչից հետո միայն նա վերջապես կսպասի Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտմանը։

«Իշխանափոխությունից հետո մենք բոլորս հավատում ենք՝ 10 զոհերի հարազատներս էլ նույնն ենք կրկնում, որ Մարտի 1-ի էջը կբացվի լիարժեք իշխանափոխությունից հետո», - ասում է նա:

Սարգիս Քլոյանը Մարտի 1-ի մյուս զոհերի հարազատներին հանդիպել է վերջերս, նրանք բոլորը հրավիրված էին Սարդարապատի 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը, նախկին իշխանության օրոք, ասում է՝ իշխանության ներկայացուցիչները իրենց երեսն անգամ չէին ցանկանում տեսնել, հիմա, ըստ նրա, Հայաստանում շատ բան է փոխվել:

«Մարտի 1-ին 650 միլիոն դրամ՝ պահուստային ֆոնդից, հատկացրեցին տուժողներին՝ այսինքն խանութներին, վառված ավտոներին, որ իրենք էին ջարդել, իսկ Մարտի 1-ի զոհերին մեկ լումա չեն տվել, պատկերացնո՞ւմ ես, էլ ուր մնաց, որ մեզ ինչ֊որ մի տեղ հրավիրեին: Եթե հրավիրեին էլ՝ չէինք գնա, էդ իշխանության կողքին մենք երբեք չենք նստելու: Վերջիվերջո՝ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի են զոհվել, նրանք պարտավոր էին սգո օր հայտարարել՝ դա էլ չարեցին», - ասում է Սարգիս Քլոյանը: