Ընդդիմադիր գործիչը այսօր մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:
Բաց ռեժիմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսում է, որ այսօրվանից իրեն տրամադրված մեկամսյա արձակուրդի ընթացքում աշխատանք գտնելու դեպքում նա կարող է առավոտյան դուրս գալ բանտից և երեկոյան նորից վերադառնալ բանտ, իսկ աշխատանք չգտնելու դեպքում կշարունակի մնալ բանտում։
Արդեն իր բնակարանում Հայկ Կյուրեղյանն ասաց, որ շարունակելու է իր պայքարը, քանի որ կարծում է, որ դեռևս վերջնականապես իշխանափոխություն չի եղել, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են սաբոտաժ անել:
«Իհարկե, նոր իշխանությունների դերը կա, նոր իշխանությունների միջամտությամբ ա կատարվել: Բայց սա շատ քիչ եմ համարում: Գոնե նորմալ սկիզբ կհամարեմ, եթե բոլոր քաղբանտարկյալները լինեն դուրսը: Նաև ճիշտ եմ համարում, որ համաներում լինի, որովհետև շատ մարդիկ կան, որ այս ապօրինի ռեժիմի արդյունքում ապօրինաբար հայտնվել են բանտերում», - ասաց Կյուրեղյանը:
Հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատանք գտնել՝ նկատի առնելով, որ ինքը ծրագրավորող է, մինչդեռ վերջին չորս տարին բանտում է անցկացրել, Կյուրեղյանն ասաց, թե այս ուղղությամբ չի մտածում: Իրեն ավելի շատ հուզում է քաղբանտարկյալների հարցը․ - «Ես հույս ունեմ, որ ընենց լուծում կլինի, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվեն, որ մի ամիս հետո նորից հարց չլինի գնալ նորից կալանքի մեջ լինել: Եթե մենակ իմ խնդիրը լիներ, ես կհամաձայնեի, բայց ստեղ ամբողջ քաղբանտարկյալների խնդիրն ա: Մեզ պետք ա, որ անփառունակ սկիզբ չլինի: Իսկ իմ կարծիքով, եթե քաղբանտարկյալները բանտերում են, էս նոր սկիզբը, որ դրվել ա, անփառունակ ա: Երբ որ բոլոր քաղբանտարկյալները դուրսը կլինեն, այդ ժամանակ կլինի մեր հեղափոխությանը հարիր փառավոր սկիզբ»:
«Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն», և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման։
34-ամյա Կյուրեղյանը ճաղերի հետևում է չորրորդ տարին, իրավապաշտպանները նրան համարում են քաղբանտարկյալ՝ առաջին հերթին հաշվի առնելով անհամաչափ խիստ պատիժը։