«Ես հրահանգել եմ Իրանի Ատոմային էներգիայի գործակալությանը պատրաստ լինել միջուկային համաձայնագրի շրջանակներում ուրանի հարստացման ծավալները մինչև 190 հազար միավորի հասցնելուն: Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքները շուտափույթ կերպով պետք է ավարտին հասցվեն, որպեսզի այն պահին, երբ նախագահը հանդես գա համապատասխան հրահանգով, հաջորդ օրն արդեն այդ գործողությունները մեկնարկեն», -հայտարարել է Խամենեին` դիմելով Թեհրանի խոշորագույն մզկիթներից մեկում հավաքված երկրի քաղաքական, հոգևոր և զինվորական ղեկավարներին:
Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը հատուկ նախազգուշացում է ուղղել Եվրամիության և միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին․ - «Կա՛մ եվրոպացիները միանշանակորեն հանդես են գալիս Վաշինգտոնի` միջուկային համաձայնագիրը լքելու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու դեմ, կա՛մ էլ Թեհրանը վերսկսում է միջուկային ծրագիրը»:
Արևմտյան և ռուսաստանցի մի շարք փորձագետների պնդմամբ, Իրանը հիմնականում պահպանել է միջուկային ենթակառուցվածքները և 2015 թվականի մակարդակին վերադառնալը այդ երկրի համար այնքան էլ դժվար չի լինի:
Նշեմ նաև, որ երեկվա իր ելույթում Ալի Խամենեին չի շրջանցել բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագիրը` կոչ անելով հույսեր չփայփայել, թե Թեհրանը կարող է հրաժարվել ռազմական արդյունաբերության նաև այդ ճյուղից․ - «Որոշ եվրոպացիներ խոսում են թե՛ Իրանի դեմ պատժամիջոցների և թե՛ հթրիռների արտադրության մեր պաշտպանական ծրագիրը սահմանափակելու մասին: Ես դիմում եմ եվրոպական այդ կառավարություններին` ձեր այդ երազանքը երբեք իրականություն չի դառնա»:
Ուշագրավ է, որ Իրանի առաջնորդի այս հայտարարությունները հնչեցին նույն այն ժամերին, երբ մեկնարկեց միջազգային ասպարեզում Թեհրանի գլխավոր հակառակորդներից մեկի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եվրոպական շրջագայությունը: Բեռլին ուղևորվելուց առաջ Նեթանյահուն հայտարարել է, թե իր եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է բացառապես իրանական թեման քննարկել: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ, սակայն, պարզ դարձավ, որ առնվազն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կողմերին ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:
«Գերմանիան, եվրոպական մյուս պետությունների հետ միասին, չհրաժարվեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարումից: Դրա հետ մեկտեղ մենք համաձայն ենք, որ Իրանի տարածաշրջանային ազդեցության աճը մտահոգիչ է, մասնավորաբար՝ Իսրայելի անվտանգության ապահովման տեսանկյունից», - հայտարարել է Անգելա Մերկելը:
Իսրայելի վարչապետի համոզմամբ, Իրանի խնդրում եվրոպացիների հետ տարաձայնությունները հիմնականում վերաբերում են կողմերի որդեգրած գործելաոճին․ - «Մենք հարգանք ենք տածում կանցլեր Մերկելի կառավարության, դրա վարած քաղաքականության հանդեպ: Ինչպես տեսնում եք, [Իրանի] խնդրում մենք որոշակի տարաձայնություններ ունենք, որոնք, սակայն, հիմնականում վերաբերում են ոչ թե վերջնական նպատակին, այլ մեթոդաբանությանը»:
Այս բոլոր քննարկումների ֆոնին Իրանի ղեկավարները կրկին զգուշացնում են, որ ցանկացած նախահարձակ գործողություն իսլամական հանրապետության դեմ անդառնալի հետևանքների կհանգեցնի:
«Թշնամին գիտի՝ մեզ հասցված հարվածին մենք տասնապատիկ ուժգնությամբ ենք պատասխանելու»,- հայտարարել է Ալի Խամենեին: