Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Համբարձումյանի և Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան՝ միաժամանակ իրազեկելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Գլխավոր դատախազությունը դեռևս չի բողոքարկել դատարանի որոշումը, որով Մասիսի քաղաքապետի և մյուսների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրվեց, ու նրանք ազատ արձակվեցին։ Հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ այդ կապակցությամբ որոշում առայժմ չկա:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա տեղակալ Կարեն Օհանյանը և մյուսները, հիշեցնենք, մեղադրվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:
Տե'ս նաև այստեղ