«Հանրապետական խմբակցության ոչ քաղաքական թևի պատգամավորներն ազատ են, մենք որևէ մեկից կառչած չենք, կարող են գնալ», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Ցանկացած քաղաքական ուժ, երբ որ մտնում է քաղաքականություն, պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն լինելու, և՛ ընդդիմություն, և՛ մեծամասնություն, և՛ փոքրամասնություն։ Բնականաբար, եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, ամբողջ աշխարհում նմանատիպ երևույթ չի եղել, որ իշխանություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ և Ազգային ժողովում մեծամասնություն՝ մեկ այլ քաղաքական ուժ, որն արդեն ընդդիմություն է, իհարկե սա խոսում է Հանրապետականի միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում և մենք ենք ինքներս հորդորել, եթե դուք տեղյակ եք, որ ընդհանուր առմամբ այն բոլոր պատգամավորները հիմնականում, որոնք, ձեր ձևակերպմամբ, բիզնեսի մարդկանց, մենք ասել ենք, որ եթե կլինեն խանգարող հանգամանքներ, ոչ քաղաքական թևին, ազատ են, մենք որևէ մեկից կառչած չենք, և կարող են գնալ», - ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով ՀՀԿ-ն լքած 4 պատգամավորներին՝ Բաղդասարյանը պարզաբանեց. - «Ֆելիքս Ցոլակյանը, երբ որ հարցը դրված էր հեռացման, ինքն էր խնդրել, որ մնա խմբակցությունում, և, բնականաբար, նրան հորդորել էինք, որ եթե կրկնություններ կլինեն՝ ոչ համահունչ մեր քաղաքական որոշումներին, մենք հարցը նորից կվերանայենք, և ինքը մտածել էր, ինձ հետ հեռախոսազրույց էր ունեցել և ասել էր՝ «ավելի լավ է ես դիմում գրեմ», այսինքն՝ Ֆելիքս Ցոլակյանն արդեն իսկ ամսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ։ Իսկ ձեր նշած մյուս թեկնածուին չի հեռացել՝ մենք հեռացրել ենք Շիրակ Թորոսյանին, դա կարող եք ֆիքսել բոլորդ, ամսի 29-ին արդեն հեռացվել էր, նոր ամսի 30-ին դիմում է ներկայացրել։ Մյուս երկու պատգամավորներն էլ, արդեն նշեցի, հենց այդ մարդկանց է նաև վերաբերվում, որոնց մենք ասել ենք, որ որևէ մեկից մենք կառչած չենք, և դուք ազատ եք ձեր որոշումների մեջ։ Առայժմ այդքանը և մենք որևէ ձևով դա հիվանդագին կամ ցավալի չենք տանում և նորմալ ենք համարում, շատ բնականոն»։
«Ազատության» հարցին, թե, ըստ ներքին հաշվարկների, քանի՞ հոգի կմնան խմբակցությունում, Բաղդասարյանը պատասխանեց. - «Եթե շատ չստիպենք որ գնան, 54 հոգի կմնան»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ որևէ խոչընդոտ չեն հանդիսանալու կառավարության ծրագրի իրագործման համար։
«Մենք պետք է օժանդակենք, որպեսզի այն լավատեսական դրույթները, լավատեսական ծրագրերը, որոնք որ կներկայացվեն Ազգային ժողով, մենք ոչ թե պետք է միայն քվեարկենք, այլև բարձրաձայնենք դրականը, եթե կլինեն բացասական խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք ու կհրավիրենք բանակցային սեղան», - ասաց Բաղդասարյանը։
Մայիսի 1-ին, հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը Հանրապետական խմբակցությունից միակն էր, որ կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին՝ հայտարարելով, թե գործել է «իր խղճի թելադրանքով»։
Նշենք, որ այժմ ՀՀԿ խմբակցությունն ունի 54 պատգամավոր, եթե խմբակցությունը լքի ևս 2 պատգամավոր, ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում։