Թրամփ. «Ես ունեմ ինքս ինձ ներում շնորհելու իրավունք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ունի 2016 թվականի նախագահական ընտրություններում իր նախընտրական արշավի և Ռուսաստանի շահերի բախման հարցով իրեն ներում շնորհելու` օրենքով վերապահված բացարձակ իրավունք և վերստին պնդել է, որ այդ խնդրում անմեղ է:

«Ինչպես բազմիցս հայտարարել են իրավունքի հարցերով մասնագետները, ես ունեմ ինքս ինձ ներում շնորհելու բացարձակ իրավունք, բայց ինչո՞ւ պետք է նման որոշում կայացնեմ, եթե ոչ մի վատ բան չեմ արել», - Թվիթերի էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2017 թվականի մայիսից հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հանգամանքները, փորձելով պարզել, թե արդյո՞ք եղել են Թրամփի նախընտրական թիմի և ռուսաստանցի պաշտոնյաների հանդիպումներ, որոնք կարող էին հակասել օրենքին, և արդյո՞ք Թրամփը չի փորձում խոչընդոտել արդարադատությունը:

Միացյալ Նահանգների նախագահը նաև պնդել է, որ Մյուլերի նշանակումը հատուկ դատախազի պաշտոնում հակասում է Սահմանադրությանը: «Հատուկ դատախազի նշանակումն ամբողությամբ հակասում է Սահմանադրությանը, բայց մենք շարունակում ենք խաղը, քանի որ ես՝ ի տարբերություն դեմոկրատականների, որևէ սխալ բան չեմ արել», - պնդել է Թրամփը:

Նախագահի գրառմանը նախորդել է նրա փաստաբաններից Ռուդի Ջուլիանիի հունիսի 3-ի հայտարարությունն այն մասին, որ Թրամփը, հավանաբար, ունի «ինքն իրեն ներում շնորհելու իրավունք»:

Սակայն Ջուլիանին նաև ընդգծել է, որ այդօրինակ որոշումը կունենա «բարդ քաղաքական հետևանքներ»: