Պուտին․ «Մենք նպատակ չունենք մասնատել Եվրամիությունը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս ավստրիական հանրային ORF հեռուստաալիքին, Մոսկվա, 1-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանը շահ չունի Եվրամիությունը թուլացնելու մեջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ավստրիա մեկնելուց առաջ:

Վիեննայում Պուտինը բանակցություններ կունենա Ավստրիայի ղեկավարության հետ, օրակարգի հարցերն են՝ Ռուսաստանի դերը ուկրաինական համակարտությունում և Եվրամիության պատժամիջոցները Մոսկվայի դեմ:

«Մենք նպատակ չունենք մասնատել Եվրամիությունը», - ասել է Պուտինը՝ հերքելով, թե Ռուսաստանը խառնաշփոթ է սերմանում եվրոպական պոպուլիստական շարժումների հետ սերտ կապեր հաստատելով, ինչպիսին է, օրինակ, Ավստրիայի կառավարությանը մաս կազմող աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը միջազգային քննադատության արժանացավ, երբ հրաժարվեց միանալ եվրոպական մի շարք երկրների՝ Ռուսաստանին ուղղած կոշտ պատասխանին, որը կապված էր մարտին Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման դեպքի հետ, ինչի համար Լոնդոնը մեղադրում է Մոսկվային: