Արցախցիները որոշեցին բացել Ազատամարտիկների փողոցը

Այսօր երեկոյան տեղի ունեցած բավական թեժ քննարկումներից հետո, արցախցիները որոշեցին վաղն առավոտյան 10-ին կրկին հավաքվել Ազատամարտիկների փողոցում։

Հայտարարվեց, որ կբացեն փողոցը, և երթով կշարժվեն դեպի Նախագահի նստավայր:

Ըստ պետնախարար Արայիկ Հարությունյանի՝ ցուցարարներին տրամադրվելու է գրասենյակ, որտեղ վաղվանից սկսած, քաղաքացիները կարող են գրավոր ներկայացնել իրենց դժգոհությունները, ապօրինությոնների վերաբերյալ փաստերը:

Այս որոշումն, ըստ էության, միանշանակ չընդունվեց, կան քաղաքացիներ, որոնք ինչպես իրենք են նշում, կրկին խաբվելու մտավախություն ունեն և զուգահեռ կշարունակեն բողոքի այլ գործողություններ իրականացնել:

Հիշեցնենք, անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։

Երեկ երեկոյան ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ցուցարարների վեց հոգանոց խմբի հետ, և ինչպես այսօր խմբի անդամները փոխանցեցին փողոցում հավաքվածներին, նախագահն ասել է, թե պատրաստ է գնալ պաշտոնանկությունների, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել: Հանդիպման մասնակիցները փողոցը փակած ցուցարարներին հարցրեցին, թե արդյո՞ք ընդունում են Բակո Սահակյանի այս առաջարկը: Ցուցարարները հայտարարեցին, որ ոչ՝ շարունակելու են փակ պահել փողոցը:

Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»: