ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

Ռաֆիկ Մաշադյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր:

«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։ Բազմաթիվ առևտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ որ առևտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ», - ասել էր ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով. - «Բացահայտումների մասին, ևս մեկ անգամ եմ ասում, խոսք լինել չի կարող, որովհետև նման գործելաոճը սուպերմարկետների մեզ տեղյակ է եղել, մենք ընդամենը վարչարարություն չենք իրականացրել՝ ապացուցելու, որ այդ առևտրի կետը պատկանում է նույն տնտեսվարող սուբյեկտին»։

Ըստ Վանեցյանի, Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու համար։ «Ինքը հայտարարել է, որ եղել է պայմանավորվածություն, ինքը պետք է գա, բացատրություն տա, թե ինչի մասի է խոսքը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

«Ազատության» հարցին, թե ՊԵԿ փոխնախագահը որպես կասկածյա՞լ է հրավիրվել, Վանեցյանը պատասխանեց. - «Ոչ, որպես վկա է հրավիրվում, հետո կարգավիճակը կորոշվի»։