Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը քննելու է Սամվել Բաբայանի բողոքը: Անցած տարիների համար եզակի դեպքերից է, երբ վերջին՝ երրորդ ատյանը վարույթ է ընդունում քաղաքական հնչեղության գործը: Վեց տարվա ազատազրկման դատապարտված Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախկին նախարարի համակիրներն այսօր հավաքվել էին Վճռաբեկ դատարանի առջև:
Վճռաբեկ դատարան է ներկայացվել նաև Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու՝ ազատ արձակելու միջնորդություն՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի երաշխավորությամբ:
Վարդան Օսկանյանի առաջնորդած «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց՝ դատարանը իր որոշմամբ պիտի հայտնվի այս նոր իրողության մեջ․ - «Շատ դեպքերում ասում են, որ դատական համակարգը հայտնվել է ցայտնոտի մեջ, հայտնվել է երկու քարի արանքում, չգիտի ինչպես որոշում կայացնի, չգիտի ինչ լուծում տա խնդիրներին, որովհետև նախկին զանգերը և զանգողները այլևս չկան, նոր զանգեր էլ չեն ստանում: Եթե չգիտեք ինչպես վարվել, վարվեք օրենքով»:
Անցած տարի նոյեմբերին դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Ղարաբաղցի նախկին զինվորականը պատվեր է որակել գործը՝ առանց անուններ տալու:
Տեղի է ունեցել մասնակի իշխանափոխություն, այսօր ցուցարարներին ասում էր Անդրանիկ Թևանյանը՝ պնդելով, որ դատարանները դեռ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականին են ենթարկվում․ - «Հասարակական լարվածության մթնոլորտը չի թուլանում, Ազգային ժողովը, դատախազությունը, դատարանները դեռևս գտնվում են հին ռեժիմի ազդեցության տակ: Այդ հին ռեժիմի ապամոնտաժումը պետք է սկսել այն բանից, որ դատավորներին հնարավորություն տալ տարանջատվել նախկին գործադիր իշխանությունից և դատախազական այն համակարգից, որը ուղղակի մահապարտի կարգավիճակով փորձում է տեր կանգնել ՀՀԿ-ի հակապետական որոշումներին»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ կարծում է քաղբանտարկյալների հարցում լավագույն լուծումը կարող է լինել համաներումը․- «Բավական բարդ կացության մեջ են նոր իշխանությունները, որովհետև մի կողմից նրանք խոստացել են, որ առանց քաղբանտարկյալ է լինելու նոր Հայաստանը, մյուս կողմից էլ ես հասկանում եմ, որ ասում են՝ չենք ազդելու դատարանների վրա, որովհետև դատարանները սպասում են, իսկապես, այդ ազդեցությանը: Նոր իշխանությունները պետք է մտածեն այլ գործիքներ քաղբանտարկյալներին ազատելու համար: Թերևս արդեն ուշանում են, որովհետև հնարավոր է այդ ամեն ինչը անել համաներմամբ՝ այդ հոդվածները հաշվի առնելով, և թերևս դա կլինի լավագույն տարբերակը, որ առանց դատական համակարգի վրա ազդելու նրանք կատարեն իրենց խոստումը»:
Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, դատավորները կաշկանդված են իրենց նախկին որոշումներով՝ ի վերջո իրենք իրենց արածից պիտի հետ կանգնեն․- «Ես համարում եմ, որ օր առաջ պետք է ազատվեն Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Սամվել Բաբայանը, Արարատ Խանդոյանը, Շանթ Հարությունյանը և իր ընկերներից ովքեր կան»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» զինված խմբին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպանությունների հանգամանքները պիտի քննվեն: Իշխանյանը համաձայն է․ - «Ճիշտ է ասում նա, և «Սասնա ծռերի» հարցով, կարծում եմ, այլ որոշում պետք է լինի՝ իրավիճակի փոփոխության հետ կապված կարելի է վերանայել շատերի գործերը, բացի սպանության մեջ կասկածյալներից, որոնց նկատմամբ պետք է լինի ամենաբաց, թափանցիկ, արդար դատավարություն»:
Սամվել Բաբայանը ճաղերի հետևում հայտնվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքին: Որևէ մեկը դատարանում Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել: