Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը սպառնացել է հրաժարական ներկայացնել, եթե երկրի խորհրդարանը շուտափույթ կերպով չհաստատի հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրինագիծը: Այս մասին ուկրաինական կառավարությունը հայտարարել է այսօր Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես որպես Ուկրաինայի վարչապետ որոշում եմ կայացրել` եթե այդ անկախ և արդար դատարանը չստեղծվի, ես վայր կդնեմ կառավարության ղեկավարի լիազորությունները», - Գրոյսմանի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:
Վարչապետի խոսքով՝ եթե հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին որոշումը չկայացվի, ապա Ուկրաինայի վարկը միջազգային ասպարեզում մեծապես կտուժի:
Դատարանի ստեղծման մասին որոշումը Ուկրաինայի Գերագույն ռադան քննարկելու է հունիսի 7-ին: