«Մենք հարաբերություններ մեկի հետ՝ մյուսի հաշվին, կամ հակառակը երբեք չենք կառուցել և նպատակ չունենք կառուցելու», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ազատության» դիտարկմանը, թե ռուսաստանյան որոշ ոչ պաշտոնական շրջանակներում կասկածով են վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ պետք է մշտապես շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, է՛լ ավելի սերտացնել դրանք, սակայն դա չի նշանակում, որ չպետք է խորացնել հարաբերությունները Եվրամիության, Արևմուտքի հետ, նախարարն այսպես արձագանքեց. - «Մենք կանք, ինչ որ կանք, և ներքաղաքական զարգացումները կային այն, ինչ որ կային՝ դա հայկական գործընթաց էր ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող, այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես լինելու է նույնը՝ եթե մենք կարիք ունենք է՛լ ավելի բացատրելու մեկ դաշտում թե մյուս դաշտում, ուրեմն՝ մենք պետք է մեր ջանքերը ներդնենք դրա մեջ և բացատրենք, որքան հնարավոր է պարզ և հստակ, որ մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և նպատակ չունենք կառուցելու»։
Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի շատ խորը, կարևոր հարաբերություններ, Մնացականյանը նշեց, որ Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրվել և իրականացվում է ոչ հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենը, ինչ արվում է հանուն Հայաստանի շահերի։
«Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, դրանք շարունակվելու են։ Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր՝ շատ տրամաբանական է և բացատրելի։ Մենք խնդիր չունենք հստակ բացատրել մեր մյուս գործընկերներին, բայց, մյուս կողմից, զարգացնելով հարաբերությունները կամ շարունակելով այն հիմքերը, նորից մենք խոսեցինք Եվրամիության հետ համաձայնագրի մասին, այդ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենը, ինչ մենք անում ենք մեր շահերի համար, և եթե մենք պետք է է՛լ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք», - ասաց արտգործնախարարը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.