Կամայականություններից զերծ մնալու և հանրապետության մասշտաբով վաճառքի ենթակա հողերի մասին հասանելի տեղեկատվություն ապահովելու համար տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանում Տավուշի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին հանձնարարեց գույքագրել և ներկայացնել ցանկ՝ առցանց հարթակում տեղադրելու համար։
«Տարիներ շարունակ հասարակությունը տեղյակ չի եղել, թե ինչպես է պետական գույքը օտարվում, ինչպես են օտարվում համայնքային հողերը։ Այլևս դուք պարտավոր եք տարվա կտրվածքով ներկայացնել օտարման ենթակա հողերի և գույքի ցանկը։ Այդ ցանկից դուրս չի կարող լինել որևէ ավագանու որոշում, որով կվաճառվի համայնքին պատկանող գույքը», - ասաց Պապիկյանը։
Ըստ նախարարի, սրանով աշխարհի ցանկացած կետում գտնվող անձը, ով ցանկանում է ներդրում կատարել որևէ համայնքում, կարող է տեղեկացված լինել անշարժ գույք ձեռքբերելու հնարավորությունների մասին։
«Այդ ցանկը պետք է գտնվի բոլորի համար հասանելի օնլայն հարթակում, և հասարակությունը պիտի դրանց մասին տեղեկացված լինի։ Այսինքն, չեն հրավիրվելու աճուրդներ, որոնց մասին գրված է միայն «Հայաստանի հանրապետություն» թերթում, որը ոչ մեկ չի կարդում», - ընդգծեց նախարարը։
Նա վստահեցրեց՝ այսօրվա կառավարության ուշադրության կենտրոնում է սահմանապահ Տավուշը։ Վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են՝ քայլ առ քայլ լուծելու սահմանամերձ համայնքներում կուտակված խնդիրները։
«Սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սկիզբն են, Հայաստանի Հանրապետության կենտրոնն են, Հայաստանի Հանրապետությունն սկսվում է սահմանից: Իմացեք, որ կառավարությունը ձեր թիկունքում կանգնած է, ինչպես որ դուք՝ կառավարության թիկունքում»։
Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին, ով ավելի քան 10 տարի Իջևանի համայնքի ավագանու անդամ է եղել, պահանջեց՝ «այսօրվա պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար»։
«Նոր Հայաստանում չեն կարող լինել պաշտոնյաներ, ովքեր իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, ովքեր անհաղորդ են հասարակության խնդիրներին, ովքեր մտածում են միայն անձնական շահի մասին», - ասաց նախարարը։
Իր հերթին մարզպետ Վահե Ղալումյանը, ով երեք ամիս առաջ է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խոստացավ հարազատ մնալ կառավարության որդեգրած քաղաքականությանը։ Շեշտեց՝ Տավուշի մարզը, որտեղ գտնվում է Հայաստանի անտառների մոտ կեսը, բնապահպանական լուրջ խնդիրներ ունի։ Նորանշանակ մարզպետը նշեց, որ պահպանելու են անտառները և զարգացնելու են տուրիզմը։
«Ես լինելու եմ 24 ժամ հասանելի մարզպետ ոչ թե համայնքապետերի, մարզխորհրդի անդամների, պաշտոնյաների համար, այլ մարզի ցանկացած բնակչի համար», - ասաց Վահե Ղալումյանը։
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման գործընթացին, ապա նախարար Պապիկյանը շեշտեց՝ առաջիկայում ինքնանպատակ կամ նեղ քաղաքական շահերին ծառայող միավորումներ չեն լինելու․ - «Առանց համայնքների համաձայնության, Հայաստանում այլևս խոշորացումներ չեն լինի։ Դրանք պետք է արվեն այնպիսի քայլերով, որ փոփոխությունները դառնան բարեփոխում»:
«Նախկինում դա եղել է արհեստական։ Այսինքն, քաղաքական առաջնահերթությունները հաշվի առնելով, մարդիկ միավորել են համայնքները, որոշել են՝ ով է լինելու այդ համայնքի գյուղապետը և այսպիսով լուծել են քաղաքական խնդիր։ Բայց մենք փորձելու ենք Հայաստանի կառավարման համար ամենահարմար տարբերակը ստեղծել, և այդ պարագայում պետք է հանրության ձայնը լսելի լինի։ Համայնքը պետք է հասկանա, որ կողքի գյուղի հետ միավորումը իր համար լուծում է կենսական խնդիր։ Իսկ եթե այդ խնդիրը չի լուծվում, դա լոկ արհեստական միավորում է, որը պիտի ծառայի ոմանց շահերին։ Մեր օրերում դա հնարավոր չէ այլևս», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կշարունակեն սուբվենցիաներ տրամադրելու նախորդ կառավարության ծրագիրը։ Առաջիկայում Հայաստանի 84 համայնքում պետական միջոցներով զարգացման ծրագրեր կիրականացվեն։ Դրանց ֆինանսավորմանը կմասնակցեն նաև համայնքները։