Գյումրիի դրամատիկական թատրոնում պրեմիերա է՝ պիեսի հերոսն ապրիլյան պատերազմի մասնակիցն է

Դրվագ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն օրերս հերթական պրեմիերայով ներկայացավ հանդիսատեսին: «Հարսանիք թիկունքում» ներկայացումը 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին է: Պիեսի հիմքում քառօրյա պատերազմում զոհված, գյումրեցի Հրաչ Գալստյանի ու նրա թալիշցի կնոջ՝ Անուշի սիրո պատմությունն է։ 25-ամյա ավագ լեյտենանտը զոհվել էր Թալիշի դիրքերում ապրիլի 3-ին։ Պրեմիերային ներկա էին ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները, նաև Հրաչի մայրը:

Ըստ պիեսի, Գյումրեցի ընտանիքը պատրաստվում է հարսանիքի: Երբ իմանում են, որ պատերազմ է սկսվել, փեսացուն՝ Արմենը, լքելով հարսանեկան խնջույքը, այլ երիտասարդների հետ մեկնում է առաջնագիծ, խոստանալով, որ հետ կգա ու հարսանիքը կշարունակվի:

Մոտ մեկ տարի պահանջվեց ստեղծագործական խմբից, որ ներկայացումը հասցնի հանդիսատեսին: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասում է՝ ստեղծագործական մեծ ու ճանաչված թիմ է հաջողվել հավաքել այս ներկայացման շուրջ: «Անահիտ Աղասարյանը գրեց մեզ համար մի շատ հրաշալի պիես: Մենք կարողացանք այս պիեսի շուրջ հրաշալի ստեղծագորխական խումբ հավաքել՝ բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյան, Լուսինե Խաչատրյան՝ զգեստների նկարիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյան (Հայկո), Լյուդվիգ Հարությունյան՝ բեմադրիչ»,- ասում է թատրոնի տնօրենը:

Սցենարի հեղինակ, դրամատուրգ Անահիտ Աղասարյանը նշում է՝ իրենց հաջողվել է հանդիսատեսին, նույնիսկ օտարերկրացուն փոխանցել այն հուզմունքը, որն ապրել են քառօրյա պատերազմը վերապրած ընտանիքները: «Արվեստի գործն այն ներկայացումը կամ ֆիլմն է, որը դանիացուն նույնպես կհուզի: Ես վստահ եմ, որ եթե դահլիճում չինացի լիներ, ինքը հասկանալու էր, թե ինչ է կատարվում բեմում»,- ասաց Աղասարյանը:

Այս ներկայացումը հանդիսատեսի շրջանում մեծ պահանջարկ ունի: Գյումրիում այն կներկայացվի ևս երեք անգամ, ապա թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի այլ քաղաքներում ու արտերկրում: