Նախագահը կտրականապես հերքում է, թե կուսակցություն հիմնելու մտադրություն ունի

«Նախագահն իր պարտականություններն ունի, և ես չեմ խառնվելու կուսակցական գործերին», - «Ազատության» հարցին ի պատասխան այսօր «Օրրան» մանկական խնամքի կենտրոնում ասաց Արմեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, դեռևս բավական շատ կեղծ լուրեր լսելու եք: Զրո: Բացարձակապես անիմաստ է: Եթե մի քիչ մտածեք Դուք էլ, տրամաբանորեն կհասկանաք, որ դա աբսուրդ է: Հանրապետության նախագահը ոչ միայն անկուսակցական պետք է լինի, այլև պետք է վեր լինի բոլոր կուսակցական, քաղաքական պրոցեսներից: Միայն այդ դեպքում կկարողանա կատարել իր պարտականությունները», - հավելեց Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք, վերջին օրերին մամուլում շրջանառվում էին լուրեր, թե նախագահ Սարգսյանը կուսակցություն է հիմնում՝ քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով: Սահմանադրության համաձայն, նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Նախագահը մանկական խնամքի կենտրոն էր այցելել տիկնոջ հետ և անձամբ համբուրգերներ պատրաստեց երեխաների համար: Ասաց, որ տոնը չպետք է սահմանափակվի հունիսի 1-ով և երեխաները ուրախ, երջանիկ և պաշտպանված պետք է զգան իրենց տարվա մնացած օրերին նույնպես:

Հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը, որպեսզի երեխաներն իրենց լիովին պաշտպանված զգան, Արմեն Սարգսյանն արձագանքեց․ - «Հայաստանը մի օր այնպիսի երկիր պետք է լինի երևի, որ Հովհաննիսյան զույգը էս կենտրոնը փակի: Այսինքն էնքան լավ լինի էս երկիրը, որպեսզի այսպիսի կենտրոնների կարիք չլինի: Յուրաքանչյուր երեխա իր դպրոցում, իր տանը ստանա ամեն ինչ, ինչի կարիքն ունի, ինչի մասին երազում է»:

Իսկ արդյո՞ք նոր Հայաստանում կարող ենք զգալ, որ նման կենտրոնները կփակվեն շուտով․ այս հարցին նախագահն արձագանքեց․ - «Շուտովը չգիտեմ: Ցանկությունները, երազների մի բան են, սկզբունքները որոշումը նպանատիպ փոփոխություն անելու մի բան է, բայց իհարկե ոչինչ մի օրվա մեջ չի լինում»:

«Ազատության» դիտարկման, որ այսօր ավելի մեծ երեխաները՝ ուսանողները, բողոքի ալիք են բարձրացրել և պահանջում են հեղափոխություն նաև կրթական համակարգում, անհրաժեշտ են համարում մայր բուհի ռեկտորի հրաժարականը, նախագահ Սարգսյանն արձագանքեց․ - «Ես Հանրապետության նախագահն եմ, որը ընտրվել է նրա համար, որպեսզի օրենքը և օրինականությունը գործեն: Իհարկե, փոփոխություններ պետք են, և ոչ միայն մայր բուհում, բարձրագույն կրթությունում: Շատ փոփոխություններ են պետք նաև դպրոցական համակարգում, մանկապարտեզում, փոփոխություններ են պետք նաև ուսուցիչների, դասախոսների, նախևառաջ՝ մշակույթի, մտածելակերպի: Հարցն այն է, թե ինչպես ենք այդ փոփոխությունը անում: Եվ անենք այնպես, որ այդ փոփոխությունը լինի երկարաժամկետ: Ոչ թե այս պահին, էմոցիոնալ, այլ լինի ծրագրված, մտածված, երկարաժամկետ, որը արդյունք տա»:

Տորթ, երգ, բարձր տրամադրություն... այդ ամենը երեխաների հետ կիսեց նախագահը՝ ընդգծելով, որ պաշտպանված երեխան սիրված երեխան է․ - «Աշխարհի բոլոր երեխաները, նաև մեր երկրի երեխաները նախ և առաջ կարիք ունեն սիրո»: