Մասիսի քաղաքապետին ու նույն գործով ևս չորս անձի մեղադրանք առաջադրվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին ու երեկ ձերբակալված ևս երեք անձի:

Այս մասին «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մասիսի քաղաքապետը, ըստ Տռուզյանի, մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու, մյուս չորսը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Սոնա Տռուզյանի խոսքով, գործի շրջանակներում այսօր ևս մեկ անձ է ձերբակալվել՝ Նոր Արեշի բնակիչ: Այս պահին նա կասկածյալի կարգավիճակ ունի։