Շուտով լույս կտեսնի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը

Ճիշտ տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը շաբաթը մեկ անգամ իր էջերում սկսեց հրատարակել այն ժամանակ ԱԱԾ-ի կողմից հետախուզվող, ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» խորագրով վեպը, որտեղ հեղինակը նկարագրում է մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությւոններից հետո իր ընդհատակյա շուրջերկրյա ճամփորդությունը՝ շեշտելով, որ քչերն էին սպասում, թե հետախուզման մեջ գտնվելով կհաջողեցնի շուրջերկրյա ճամփորդություն կատարել:

«Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան», - գրում է Նիկոլ Փաշինյանն ու շարունակում․ - «Չէ՞ որ երկիրը կլոր է, և եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն, քեզ սիրելի ու հարազատ տեղը: Երկար ճանապարհ կտրելով՝ դու վերադառնալու ես այն կետին, որտեղ ընդհատվել է քո երազանքը»:

Ի վերջո, ճիշտ 10 տարի անց՝ 2018-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացրեց 2008-ին հազարավոր մարդկանց ընդհատված երազանքը:

Ուշագրավ է, սակայն, որ այս շատ հետաքրքիր, ընթերցողին մինչև վերջ լարվածության մեջ պահող վեպն առանձին գրքով մինչև այժմ չէր հրատարակվել: Եվ ահա հենց այս օրերին հայտնի դարձավ, որ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայելու գիրքը մոտ օրերս:

Հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցից պարզվեց, որ «Անտարեսը» դեռ 2010 թվականին էր վճռել հրատարակել վեպը՝ դրա համար ստանալով այն ժամանակ կալանավայրում գտնվող հեղինակի համաձայնությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել այդ անել: Իսկ հետո, երբ հեղինակը համաներմամբ ազատ է արձակվել, Արմեն Մարտիրոսյանն այլևս չի իրագործել իր մտադրությունը, քանի որ, իր իսկ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրատարակիչ էր և հենց ինքն էլ կարող էր իր գիրքը հրատարակել:

«Գիրքը տպագրված է, հավաքման փուլում է, արդեն ինչ-որ տպաքանակ նաև պատրաստ է», -«Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: - «Մենք շուկա կներմուծենք այն ժամանակ, երբ որ գիրքը կծնվի, բայց ոչ այն օրը, երբ ծնվել է գրքի հեղինակը: Բնական պրոցեսը ավելի գնահատելի է: Հատկապես Նիկոլ Փաշինյանի դեպքում: Մարդու, ով որ տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ նախաձեռնել էր հայ գրականության վերածննդի, խրախուսման պրոցես իր ղեկավարած թերթի էջերի վրա, ով որ հասկանում ա գրականությունից, ով որ լիքը գործ ա արել ժամանակակից հայ գրականությունը ծնկից բարձրացնելու համար: Իմ նպատակը մենակ Նիկոլ Փաշինյանի գիրքը հրատարակելը չէ: Ինձ համար Նիկոլ Փաշինյանի գիրքը դա լոկոմոտիվ ա, որն իրա հետևից պետք ա լիքը հայ գրողների հասու դարձնի Հայաստանի ընթերցողին»:

Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում արվեստագետների ու մտավորականների հետ հանդիպումից հետո «Ազատության» հարցին, թե ինչն իրեն ստիպեց հրատարակել տասը տարի առաջ ընդհատակում գրած վեպը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Էդ գրքի հետևում գրված ա, թե ինչը ստիպեց: Ստիպեց մի առաջարկ․ մի երիտասարդ հրատարակիչ եկավ ու առաջարկեց հրատարակել: Բայց հիմա ուրիշ հրատարակիչ է հրատարակում, որովհետև էդ երիտասարդ հրատարակիչը բավարար չափով հետևողական չգտնվեց»:

«Ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը, ես գնում եմ իմ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից», - դեռ 10 տարի առաջ գրել է Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպում:

Իսկ վեպի հրատարակության համար 10 տարի անց գրել է․ - «Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես: Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի հեղափոխություն: Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է»: